«ՔՊ–ն քաղաքացիական պատերազմ է սկսել վարդենիսցիների դեմ». համայնքապետի երդմնակալություն է

Ոստիկանները փակել են Վարդենիսի համայնքապետարանի շենքի մուտքը` թույլ չտալով, որպեսզի ընդդիմադիրները ներս մտնեն և երդմնակալության արարողությունն իրականացնեն։ Ավագանու անդամներն էլ գտան խնդրի լուծումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Վարդենիսում այսօր պետք է տեղի ունենար նորընտիր համայնքապետ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի առաջնորդ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը: Վարդենիսի համայնքապետարանի շենքի մուտքի մոտ մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացել` մուտքը փաստացի փակելով։
Հայտնել էինք, որ 2021թ.–ի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ՔՊ–ն ստացել է 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը` 10, իսկ «Միասնական Վարդենիս» դաշինքը` 4 մանդատ։ «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները միավորվեցին, բայց դրանից հետո մեղադրանք առաջադրվեց «Միասնական Վարդենիսը» գլխավորող, Վարդենիսի նախկին ղեկավար Արամ Հարությունյանին. նա կալանավորվեց։ Դեկտեմբերի 30-ին Վարդենիսի ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչները նիստ գումարեցին և քաղաքապետ ընտրեցին Ահարոն Խաչատրյանին: Վարդենիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Արամ Մելքոնյանն էլ առաջարկել է ընդդիմությանը վայր դնել մանդատները ու նոր ընտրություն անցկացնել:

«Ինձ մոտ տպավորություն է, որ ՔՊ–ն քաղաքացիական պատերազմ է սկսել վարդենիսցիների դեմ։ Դեկտեմբերի 30-ին արդեն իսկ ընտրվել է համայնքի ղեկավար և ամեն ինչ օրենքով է եղել։ Ես սա համարում եմ Սահմանադրության ոտնահարում կառավարության կողմից»,–լրագրողների հետ զրույցում ասաց Գեղամասարի ղեկավար Հակոբ Ավետյանը։

Դրանից հետո ավագանու ընդդիմադիր անդամները և Ահարոն Խաչատրյանը մոտեցան ոստիկաններին` տեղեկացնելով, որ պետք է երդմնակալության արարողություն լինի` չմոռանալով շնորհավորել ոստիկանների Ամանորը։ Սակայն ոստիկանները թույլ չտվեցին նրանց շենք մուտք գործել` ասելով, որ ՔՊ–ն դիմել է դատարան, և հայցը վարույթ է ընդունվել, մինչև որոշում չկայացվի, շենք մտնել չեն կարող։ ՔՊ–ն դատարան է դիմել` ասելով, որ ոչ իրավազոր է դեկտեմբերի 30-ի ավագանու նիստը։
«Դուք կարող եք երդմնակալության արարողությունը մեկ այլ վայրում իրականացնել, քանի որ թույլ չենք տալու ներս մտնել` մենք նման իրազեկում ունենք։ Մենք մեր ծառայությունն ենք կատարում»,–ասացին ոստիկանները։
Ավագանու անդամները որոշեցին, որ հենց համայնքապետարանի շենքի բակում էլ երդմնակալության արարողությունը կիրականացնեն։ Ավելին, նրանք իրենց ՔՊ–ական գործընկերներին էլ հրավիրեցին մասնակցել այդ արարողությանը։
Մեր նկատմամբ արշավ է սկսվել. Վարդենիսում ՔՊ-ն չի ուզում զիջել համայնքի կառավարումը
Հիշեցնենք, որ նույնանման իրավիճակ էր նաև Արմավիրի մարզի Փարաքար համայնքում։ «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ, և նրանք պնդում են, որ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վալոդյա Գրիգորյանը, ընտրվել է համայնքի ղեկավար: Իսկ, ահա, «Դավիթ Մինասյան» դաշինքն էլ պնդում է` ավագանու 11 ձայներով համայնքապետ է ընտրվել Դավիթ Մինասյանը (նրան ձայն էին տվել նաև ՔՊ-ի ավագանու անդամները):
Դեկտեմբերի 23-ին Վալոդյա Գրիգորյանի երդմնակալության արարողությունն էր կազմակերպվել համայնքապետարանի շենքի առջև` կրկին դրսում։