Վարդենիսում ՔՊ թեկնածուն, օգտվելով երկրի քաղաքական իշխանության աջակցությունից և ոստիկանության ռեպրեսիվ օժանդակությունից, փորձում է խմբագրել համայնքի էլեկտորալ տրամադրությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նա հայտնեց, որ շատ լավ տեղյակ է Վարդենիսում ընթացող զարգացումներին, քանի որ հանդիսանում է ընդդիմադիր «Ահարոն Խաչատրյան» դաշինքի հիմնաստեղծ կուսակցություններից մեկի ղեկավարը։
«Վարդենիսում ոչ մի հակասական բան չի կատարվում։ Ընդդիմադիր երկու դաշինքները նվաճել են 27 մանդատներից 14–ը և օրինական մեխանիզմներով ձևավորել են մեծամասնություն, ինչը նրանց թույլ է տվել ավագանու նիստում Ահարոն Խաչատրյանին ընտրել համայնքապետ։ Անկախ նրանից, որ ՔՊ–ն հայտնվել է փոքրամասնության մեջ, այդ քաղաքական ուժի թեկնածուն անում է հայտարարություններ, որոնք պարունակում են իշխանության յուրացման, քաղաքացիական բախումներ հրահրելու հատկանիշներ»,– ասաց քաղաքագետը։
«Ահարոն Խաչատրյան» դաշինքի առաջնորդի երդմնակալության արարողությունը կայացել է Վարդենիսի համայնքապետարանի շենքի առջև` դրսում, քանի որ ոստիկանական «բազմաշերտ պատը» թույլ չի տվել ավագանու ընտրված անդամներին մտնել համայնքապետարանի շենք, իսկ ինչ վերաբերում է ՔՊ–ական թեկնածուի` Վարչական դատարան դիմելուն, ապա քաղաքագետն ընդգծեց, որ իրավական գործընթացի համար որևէ հիմք գոյություն չունի:
Սուրենյանցը կարծում է, որ իշխանությանը պետք է յոթ օր ժամանակ, որպեսզի ոստիկանական և այլ ճնշումների միջոցով փորձի ավագանու ընդդիմադիր 14 անդամներից որևէ մեկին «կոտրել» և սրբագրել կամ խմբագրել համայնքի ընտրողների կատարած ընտրությունը։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Վարդենիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Արամ Մելքոնյանն էլ առաջարկել է ընդդիմությանը վայր դնել մանդատները ու նոր ընտրություն անցկացնել, Սուրենյանցն ասաց, որ դա կնշանակի մեկի քմահաճույքը վեր դասել օրենսդրությունից, քաղաքական տրամաբանությունից, քանի որ ավագանու ճգնաժամ առաջանում է միայն երկու դեպքում` երբ ձևավորված ավագանին չի կարողանում ընտրել համայնքապետ, կամ ավագանին երեք ամիս գտնվում է անգործության մեջ և չի կարողանում նիստեր հրավիրել։ Այնինչ նման ֆորսմաժորային իրավիճակ Վարդենիսում չկա։
Հիշեցնենք, որ 2021թ.–ի դեկտեմբերի 5-ին Վարդենիս համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում ՔՊ–ն ստացել է 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը` 10, իսկ «Միասնական Վարդենիս» դաշինքը` 4 մանդատ։
«Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները միավորվեցին, բայց դրանից հետո մեղադրանք առաջադրվեց «Միասնական Վարդենիսը» գլխավորող, Վարդենիսի նախկին ղեկավար Արամ Հարությունյանին. նա կալանավորվեց։
Դեկտեմբերի 30-ին Վարդենիսի ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչները նիստ գումարեցին և քաղաքապետ ընտրեցին Ահարոն Խաչատրյանին:
Վարդենիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Արամ Մելքոնյանն էլ ընդդիմությանն առաջարկել է վայր դնել մանդատներն ու նոր ընտրություն անցկացնել: