Մեղադրանք չի առաջադրվել, բայց կորցրել են աշխատանքը. ապօրինի անտառհատման հետքերով

Ծառահատում. Արխիվային լուսանկար
Մշակել է «Դիլիջան» ազգային պարկի» տարածքում անտառխախտման ահազանգերի գրանցման վերաբերյալ ընթացակարգ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Տավուշի մարզի դատախազությունը միջնորդագրով դիմել է շրջակա միջավայրի նախարարություն՝ ապօրինի անտառհատման հետ կապված խիստ միջոցներ ձեռնարկելու։ Նման հայտարարություն է տարածել ՀՀ դատախազությունը` մանրամասներ հայտնելով։

Հարցն այն է, որ դեռ նախորդ տարվա հոկտեմբերի 28-ին «Բնապահպանի տուն» ՀԿ-ի ներկայացուցիչները հաղորդում են տվել, որ 2021թ. հոկտեմբերի 20-ին բնապահպանների խմբով շրջագայության ընթացքում «Դիլիջան ազգային պարկի» տարածքում հայտնաբերել են ապօրինի հատված 4 հատ թաց, կանգուն ծառեր։ Դեպքի վերաբերյալ բնապահպանները տեղեկացրել են նույն ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի պետին և տեղամասի պետին, որոնք չեն կազմել անտառխախտման արձանագրություն: Օրեր անց, նույն տարածքում հայտնաբերել է ևս 5 թաց, կանգուն ծառերի ապօրինի հատման փաստ, ինչի մասին տեղեկացրել են նույն պաշտոնատար անձանց, սակայն կրկին որևէ միջոց չի ձեռնարկվել:

Դեպքի առթիվ քրգործ է հարուցվել քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը)։
«Սակայն հաշվի առնելով, որ անտառխախտման յուրաքանչյուր դեպքում պետությանը պատճառված վնասը չի գերազանցել 1 միլիոն դրամը, քրեաիրավական գնահատականի չեն արժանացել «Դիլիջան ազգային պարկի» վերոհիշյալ պաշտոնատար անձանց արարքները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ապօրինի հատված 619 ծառ, 12 մլն դրամի վնաս. պաշտոնատար անձանց գույքի վրա կալանք է դրվել
Բայց Տավուշի մարզի դատախազությունը միջնորդագրով դիմել է շրջակա միջավայրի նախարարություն և ի պատասխան հայտնել են, որ անտառապահը, ինչպես նաև մասնաճյուղի ղեկավարն ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Բացի այդ, մշակել է «Դիլիջան» ազգային պարկի» տարածքում անտառխախտման ահազանգերի գրանցման վերաբերյալ ընթացակարգ` նմանատիպ նախադեպերը կանխելու նպատակով: