Կրասնոյարսկ-Երևան չվերթի ուղևորն օդանավում 199 հազար ռուբլի է թողել

Գումարը գտել է օդանավի մաքրուհին, հաջորդող գործողություններն արվել են ըստ ընթացակարգի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Կրասնոյարսկ-Երևան չվերթի ժամանումից հետո հունվարի 1-ին ինքնաթիռի սրահից «Զվարթնոց Հենդլինգ» ընկերության օդանավի մաքրուհին գտել է 199.000 ռուսական ռուբլի: Տեղեկությունը հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության մամուլի ծառայությունը։

«Նոր տարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սկսվեց ուղևորի կողմից կորցրած դրամական միջոցների հայտնաբերմամբ»,– ասվում է հաղորդագրության մեջ:

Համաձայն ընթացակարգի` գումարը փոխանցվել է Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցին, վերջինս էլ հանձնել է կորած և գտնված իրերի բաժին։
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով և ոսկյա իրերով պայուսակ
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 14-ին էլ «Զվարթնոցից» հայտնել էին, որ նախորդ օրը Մոսկվայից Երևան ժամանած ուղևորը ձեռքի ուղեբեռը մոռացել է օդանավում, որում զգալի գումար է եղել` 180 հազար ռուբլի։
Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցն ուղեբեռն ու այնտեղ եղած գումարը հայտնաբերելուց հետո ընթացակարգի համաձայն այն փոխանցել էր կորած և գտնված իրերի բաժին: