ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ի ձայնագրման ակադեմիան «Գրեմմի» երաժշտական 64-րդ մրցանակաբաշխության արարողությունը կարող է հետաձգել։
Տեղեկությունը billboard.com կայքին հաղորդել են աղբյուրները։ Մրցույթը նախատեսվում է իրականացնել Los Angeles Convention Center–ում։
Արդեն երկրորդ տարին է, ինչ «Գրեմմի» մրցանակաբաշխությունը հետաձգվում է COVID-19-ի պատճառով:
Անցյալ տարվա շոուն սկզբում նշանակվել էր 2021 թվականի հունվարի 31-ին, սակայն հունվարի 5-ին որոշվել էր այն տեղափոխել մարտի 14–ին՝ Լոս Անջելեսում COVID-19–ի դեպքերի կտրուկ աճի պատճառով:
Նշենք, որ «Գրեմմի» մրցանակի անվանակարգերը հայտարարվել են նոյեմբերի 23-ին: Կատարող Ջոն Բատիստը ներկայացվել է ամենից շատ անվանակարգերը՝ 11: Նրան հաջորդում են Doja Cat-ը, H.E.R.-ը և Ջասթին Բիբերը՝ յուրաքանչյուրը առաջադրվելով 8-ական անվանակարգ:
Հիշեցնենք` անցած տարի «Գրեմմի»–ում «Տարվա լավագույն երգ» է ճանաչվել երգչուհի H. E. R-ի I can't breathe կոմպոզիցիան, իսկ «Տարվա լավագույն ալբոմ» է ճանաչվել ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի Folklore ալբոմը:
Ամերիկացի երգչուհի Դոլլի Փարթոնը նույնպես «Գրեմիի» էր արժանացել «Լավագույն ժամանակակից քրիստոնեական երաժշտություն» անվանակարգում: Everything I wanted ստեղծագործությունն ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշին «Գրեմմի» է բերել «Տարվա լավագույն ձայնագրություն» անվանակարգում: Ռեփեր Քանյե Ուեսթը «Գրեմմի» մրցանակի էր արժանացել «Լավագույն քրիստոնեական ալբոմի» համար։