ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի և պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Հայտնել էինք, որ Տարոն Մարգարյանին և Արման Սահակյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Մասնավորապես, պարզվել է, որ Մարգարյանը 2011թ. սեպտեմբերից մինչև 2014թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, նպատակ ունենալով Երևան քաղաքի որոշ դպրոցների կողմից զբաղեցրած հողատարածքներից իր և իր մերձավորների համար առանձնացնել և ձեռք բերել հողատարածքներ` նախաձեռնել է դպրոցների զբաղեցրած հողամասերի սահմանները վերաճշտելու գործընթաց։
«Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործի նյութերը տրամադրվել են կողմերին՝ ծանոթացման նպատակով: 2021թ. դեկտեմբերի 30-ին կազմվել է մեղադրական եզրակացություն, այն հաստատելու և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու միջնորդություն է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն»,–նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Միաժամանակ, գործով անցնողների շրջանակն ընդլայնվել է. նախկինում հայտնի էր, որ քրգործով են անցնում նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Անդրանիկ Քասարյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ Արսեն Ամյանը։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանքներ են առաջադրվել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հողհատկացման և հողօգտագործման բաժնի առաջատար մասնագետ Հայկ Կյուրեղյանին, Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ընկերության գեոդեզիական բաժնի պետի տեղակալ Արամ Ենգոյանին, նույն բաժնի առաջատար մասնագետներ Տիգրան Փոթիկյանին, Միքայել Հակոբյանին և առաջին կարգի մասնագետ Հայկ Պետրոսյանին:
Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանի պաշտպանը հայտարարել էր` նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։