ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Երկու անձ դանակով, քարով և օղու կոտրած շշով հարվածներ են հասցրել տղամարդուն ու վնասվածքներ պատճառել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը` հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել այս գիշեր, ժամը 03։05-ի սահմաններում։
Հաղորդագրության համաձայն` Մասիսի բաժին դանակահարության վերաբերյալ ահազանգ է ստացվել` ժամը 04։30-ին հիվանդանոցից հայտնել են, որ կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, աջ թոքի սալջարդ, կրծքավանդակի ձախ կեսի, պարանոցի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա մի տղամարդ։
Ոստիկանները պարզել են, որ ժամը 03։00-ի սահմաններում, կենցաղային հարցի շուրջ վիճաբանել են տուժածը և երկու քաղաքացի, որոնցից մեկը՝ կին։ Վիճաբանության ընթացքում կինն իր մոտ եղած դանակով, իսկ տղամարդը՝ քարով և օղու կոտրած շշով, հարվածներ են հասցրել տուժածին` պատճառելով վնասվածքներ:
Ժամը 04։50-ին 34-ամյա կինն ու տղամարդը ինքնակամ ներկայացել են ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն։ Կատարվում է քննություն։