ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Հունաստանում Հայաստանի դեսպանությունը քայլեր է ձեռնարկում պոլսահայ մտավորական, Հայաստանի քաղաքացի Սևան Նիշանյանի հետ կապված խնդիրը կարգավորելու նպատակով։ Նման հայտարարություն է տարածել Հունաստանում Հայաստանի դեսպանությունը` անդրադառնալով Նիշանյանի ձերբակալմանը։
«Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղյակ է պոլսահայ մտավորական, ՀՀ քաղաքացի Սևան Նիշանյանի շուրջ ծավալված գործընթացից և ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու նպատակով»,–ասված է դեսպանության ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ։
Միաժամանակ Նիշանյանի կինը` Հերա Ցուրուն, Facebook–ի իր էջում գրառում է արել` հայտնելով, որ Հունաստանի կառավարությունը չի երկարաձգել Նիշանյանի՝ Հունաստանի քաղաքացու հետ ամուսնացած լինելու կապակցությամբ ձեռք բերված կացության իրավունքի ժամկետը, որը լրացել է դեկտեմբերի 29-ին. Նիշանյանին արտաքսելու որոշում է կայացվելու: Նշվում է, որ այսօր էլ նա պետք է արտաքսվի, իսկ թե որ երկիր` Սիրոսի դատարանի դատախազը պետք է որոշի։
Հիշեցնենք, որ պոլսահայ մտավորական, գրող, լեզվաբան Սևան Նիշանյանը, որը Թուրքիայում 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել, բանտից փախուստի էր դիմել 2017 թվականի հուլիսի 14-ին: 2017 թվականի հուլիսի 25-ին Նիշանյանը հայտնել էր, որ ապաստան ստանալու համար դիմել է Հունաստանի իշխանություններին:
Sputnik Արմենիան անդրադարձել էր Նիշանյանին` գրելով, որ նա այլախոհի համբավ ունի, մարդ, որը կարողանում է ամենաբարդ իրավիճակներում և ամենասուր խնդիրների վերաբերյալ ճշմարտությունն ասել։ Նրա համարձակությունը Թուրքիայում շատերին, հատկապես ղեկավարներին, դուր չէր գալիս։ Գիտնականին բազմիցս կալանավորել են ու բանտ նետել։ Նրա դեմ հարուցվել է 17 քրեական գործ, որոնք ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունեին։