ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Instagram սոցիալական ցանցում ինչ–որ մեկը կեղծ էջերից շանտաժով և շորթումով է զբաղվում Չեչնիայի խորհրդարանի նախագահ Մոհմադ Դաուդովի անունից։ Տեղեկությունը հայտնել է հենց Դաուդովը` նշելով, որ արդեն դիմել է հատուկ ծառայություններին։
«Ինստագրամում մի խաբեբա է գործում, որը կեղծ էջերից հակաօրինական գործունեությամբ է զբաղվում։ Նա գրում է սոցիալական ցանցի օգտատերերին, փորձում է վստահություն ձեռք բերել, լուսանկարներ է խնդրում միամիտ աղջիկներից, այնուհետև շանտաժի է ենթարկում իր զոհերին՝ գումար պահանջելով։ Հայտնի է, որ ճնշման և վիրտուալ վճարային համակարգերի միջոցով խոշոր գումարներ շորթելու դեպքեր են եղել»,-գրել է Դաուդովը Instagram–ում։
Նա մարդկանց կոչ է արել չկորցնել զգոնությունը և հեռու մնալ խաբեբաներից։
«Թանկագին հետևորդներ և օգտատերեր։ Սոցիալական ցանցում իմ միակ օգտահաշիվը ունի 2 միլիոն 600 հազար հետևորդ և ավելի քան 2500 հրապարակում։ Աչալուրջ եղեք։ Թույլ մի տվեք խարդախներին խաբել ձեզ»,- նշել է Դաուդովը։
Չեչնիայի խորհրդարանի խոսնակը վստահ է, որ խաբեբային կգտնեն։