ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Իտալիայում մի քանի տասնյակ մարդիկ վիրավորվել են Ամանորյա հրավառություններից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իտալական ԶԼՄ-ին։
Նշվում է, որ Իտալիայում մինչև հունվարի 31-ը գործում է զանգվածային տոնակատարությունների արգելք՝ կապված COVID-19 համավարակի հետ։ Չնայած դրան՝ շատ իտալացիներ Նոր տարին դիմավորել են ավանդական հրավառությամբ։ Որոշ բնակավայրերում հրավառությունները մարդկանց վիրավորումների պատճառ են դարձել։
Նեապոլում հրավառություններից վիրավորվել է ինը մարդ, Հարավային Իտալիայի Կամպանիա մարզում տուժել է ընդհանուր առմամբ 14 մարդ, ընդ որում՝ նրանցից մեկը կորցրել է աչքը, մյուսը հրազենային վիրավորում է ստացել կրծքավանդակի շրջանում։ Փամփուշտն արձակել էր անհայտ մեկն Ամանորյա տոնակատարության ժամանակ։ Տարանտո քաղաքի 40-ամյա բնակիչը կորցրել է աջ ձեռքը անսարք պայթուցիկի պատճառով։
Նոր տարվա գիշերն իտալացի հրշեջները ստիպված են եղել 558 անգամ պատահարի վայր ժամանել հրավառությունների հետևանքով առաջացած բռնկումների պատճառով։