ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Ավելիքան 1500 մեքենա, այդ թվում՝ հայկական բեռնատարներ, շարունակում են մնալ Ռուսաստանի տարբեր վայրերում՝ սպասելով «Վերին Լարսի» անցակետով անցմանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդ Արամ Թանանյանը։
«Արդեն հինգ օր է, ինչ ճանապարհը բացվել է, և Ռուսաստանից Վրաստան բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը «Վերին Լարս» անցակետով թույլատրվում է»,- ասաց Թանանյանը։
Սակայն մեծ հերթի պատճառով կուտակվել են բազմաթիվ տրանսպորտային միջոցներ՝ բեռնատարներ և ավտոմեքենաներ։ Իրավիճակը սրում է այն, որ օրական մի քանի հարյուր ավտոմեքենա է ավելանում։
Թանանյանի խոսքով՝ մաքսավորներն աշխատում են ինտենսիվ ռեժիմով և ամեն ինչ անում են հերթը բեռնաթափելու համար։ Օրական անցակետով կարողանում է անցնել 500-ից 600 ավտոմեքենա։ Նա պարզաբանեց, որ Գուդաուրի-Կոբի հատվածում ցերեկը պահպանվում է ձնահոսքի վտանգը։ Ուստի անխափան երթևեկությունը հիմնականում իրականացվում է երեկոյան և գիշերային ժամերին։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ նշված տարածքում ընթացիկ եղանակը կպահպանվի մինչև հունվարի 10-ը։ Առաջիկա օրերին կանխատեսվում է քամու ուժգնացում։ Թանանյանը հույս ունի, որ մինչ այդ հնարավոր կլինի բեռնաթափել անցակետը։