ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատմել է, որ Նոր տարուն պարտադիր դիտում է «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմն ու «Օլիվյե» է պատրաստում։
«Ամանորյա տրամադրություն ստեղծելու առաջին պայմանը` հույս ունենալ, որ ոչ մի լուր այն չի փչացնի... Երկրորդ բանը, որ ամանորյա տրամադրություն է ստեղծում` ավանդույթներն են։ Նոր տարվա կերուխումի նախապատրաստությունները, ավանդական ուտեստների պատրաստումը։ Առանց «Օլիվյեի» հնարավոր չէ, ինձ թվում է, ամբողջ ընտանիքով ենք դրան սպասում և անձամբ պատրաստում։ Այս տարի որպես հիմնական տաք ուտեստ թռչնամիս կլինի. նախորդ շաբաթ էինք որոշում, ընտանեկան խորհուրդ է եղել։ Պարտադիր ամռանը պատրաստած թթուն կլինի, կարկանդակ», – ասել է նա «Газета.Ru»–ին։
Զախարովան հավելել է, որ յուրաքանչյուր Նոր տարի պարտադիր դիտում է Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմը։
«Եվ իհարկե, նախապատրաստությունների վերջին շտրիխը կընթանա ավանդական սիրված «Ճակատագրի հեգնանքի» ներքո։ Երբեմն նաև «Ծառայողական սիրավեպն» ու այլ ավանդական ամանորյա ֆիլմեր ենք նայում։ Ուրախ եմ, որ այդ ավանդույթը պահպանվում է։ Ու նույնիսկ եթե այդ ֆիլմերը դադարեն ցուցադրել հեռուստատեսությամբ, մենք համացանցով կդիտենք», – ընդգծել է նա։
Դիվանագետը նշել է նաև, որ տոների ընթացքում ընտանիքով նախատեսում է մի քանի օրով զբոսաշրջության մեկնել ՌԴ մարզերից մեկը։ Հավանաբար, դա կլինի Տվերը և Տորժոկը։