ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից մանրամասներ են հայտնել, թե ինչու է երեկ կալանավորվել գերությունից վերադարձած կապիտան Արման Խաչատրյանը։
Փաստական տվյալների հիման վրա պարզվել է, որ կապիտան Արման Խաչատրյանը, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի վաշտի հրամանատարի պաշտոնը, որպես երկու դիրքերի՝ հենակետի պատասխանատու, ընդգրկված լինելով մարտական հերթապահությունում, խախտել է ՀՀ ԶՈւ մարտական կանոնադրության դրույթները։
Նրա գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. մարտական դիրքերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ, դիրքերում հերթապահություն իրականցնող զինծառայողները հակառակորդի կողմից շրջափակվել և գերեվարվել են։
Նրանցից Գուրգեն Աշոտի Սարգսյանի և Դավիթ Հելբերտի Ամիրյանի սպանված դիերը համապատասխանաբար 2021թ. նոյեմբերի 17-ին և 20-ին փոխանցվել է հայկական կողմին, 10 զինծառայողներ գերությունից վերադարձվել են, իսկ 2 զինծառայողներ, համաձայն քննությամբ ձեռք բերված տվյալների, Ադրբեջանում շարունակում են պահվել գերությունում։
2021 թվականի դեկտեմբերի 29-ին կապիտան Արման Խաչատրյանը, ի թիվս այլ զինծառայողների, վերադարձվել է ՀՀ։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանք) հատկանիշներով և որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը։
Նշվում է նաև, 2021 թվականի նոյեմբերի 16-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Կիլիսալի-բնագիծ Իշխանասար հատվածում տեղակայված թվով 3 յուրային մարտական դիրքերի ուղղությամբ ագրեսիայի ակտ իրականացնելու առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում երկու մարտական դիրքերի ավագներին և երկու դիտորդներին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանավորումը։