ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Ամանորի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որը տեղադրված է նրա ֆեյսբուքյան էջում։
Նա ընդգծել է, որ անցնող տարին լի է եղել դժվարություններով բոլորի համար, սակայն անհրաժեշտ է գիտակցել, որ անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց, քանի որ այդ ճանապարհով շարժվողն անվտանգությունից էլ է զրկվում:
«Աղետաբեր պատերազմի անդառնալի կորուստների ցավը շարունակում է տանջել մեզ, կանգնած ենք մեր անվտանգությունն ապահովելու խնդրի առաջ: Մարդն ու նրա իրավունքները պետք է դրվեն բոլոր որոշումների հիմքում՝ սկսած անվտանգությունից մինչ բանտեր, երեխաների հաստատություններ, զինծառայողներ ու պետական համակարգի քաշքշուկներ»,– ասել է ՀՀ ՄԻՊ–ը:
Թաթոյանը շեշտել է, որ հենց նմանատիպ գաղափարով է պետք տանել պետականության ուժեղացման համար պայքարը և չպետք է թուլացնել զգոնությունը։
Նրա խոսքով` միասնական նպատակի համար պետք է օգտագործել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հավաքական ուժն ու նվիրական լույսի պես պահել պետականությունը, որը հայ ազգի իրավունքների գլխավոր երաշխավորն է:
Պաշտպանը մաղթել է, որպեսզի Նոր տարին խաղաղություն, առողջություն և միայն բարիք բերի հայ ժողովրդին: