ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Առողջապահության ոլորտն իրեն լավագույնս է դրսևորել տարբեր ցնցումների ֆոնին։ Այս մասին իր շնորհավորական ուղերձում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով` անցնող տարում եղել է մի ճանապարհ, որ անանցանելի էր թվում։ Հիմա, իրավիճակն անհամեմատելի է` ավելի կայուն ու վերահսկելի իրավիճակ է թե՛ հետպատերազմական և, թե՛ համավարակի առումով:
«Հայաստանի առողջապահության ոլորտը նույնպես ապրելով ցնցումներ ու սահմանային վիճակներ` կադրային, նյութական և մնացած բոլոր ռեսուրսների մոբիլիզացման պայմաններում իրեն լավագույնս է դրսևորել։ Ոլորտն ամրապնդվել է, հագեցել և պատրաստ է դիմակայելու տարբեր մարտահրավերների»,– նշել է Ավանեսյանը:
Նախարարը վստահեցրել է, որ ՀՀ քաղաքացիներին ներկայում առաջարկվում է բժշկական օգնության ավելի մեծ, ավելի որակյալ և ավելի հասանելի ծառայություններ։
Նա շնորհակալություն է հայտնել ու շնորհավորել բոլոր բժիշկներին, բուժաշխատողներին և իր թիմակիցներին ու մաղթել է մնալ անշեղ՝ ընտրած ճանապարհից և առաջ գնալ:
Ավանեսյանի պնդմամբ` հավակնոտ ծրագրերը` բժշկական ապահովագրության համակարգի ընդունումը, հոգեկան առողջության, ուռուցքաբանության և այլ ճյուղերում նախատեսված բարեփոխումները տալու են կոնկրետ դրական, շոշափելի արդյունքներ: