ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Մոտակա օրերին Արցախում երկու ոչ մեծ թռչնաֆաբրիկա կբացվի։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։
«Դրանք փոքր ֆերմաներ են, բայց կավելացնեն հանրապետությունում ձվի արտադրությունը»,-ընդգծեց Ստեփանյանը։
Բացի այդ, աշխատանքները վերսկսել է Մարտունու թռչնաֆաբրիկան, որը ամենամեծն է Արցախում։ Առայժմ կերը մատակարարվում է ՀՀ-ից։
Ինչպես նշեց Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը, կաթնամթերքի երկու արտադրությունները («Արցախկաթ» և «Մու-Մու») վերսկսել են արտադրությունը, սակայն առայժմ աշխատում են հիմնականում կաթի փոշով, որը նույնպես մատակարարվում է ՀՀ-ից:
Ինչպես նշեց նախագահ Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, Հադրութի «Կատարո» գինու գործարանը ներկայումս ժամանակավորապես վերաբացվել է Երևանից ոչ հեռու՝ Ջրվեժում (ապագայում նրանք պատրաստվում են կրկին բացվել Արցախում): Մյուս գինեգործարանները (այդպիսիք հանրապետությունում մի քանիսն էին) վերսկսել են աշխատանքը։ Վերականգնվում է նաև կաղնու տակառների արտադրությունը։
Խնդիրն այն է, որ այգիները (խաղողի և նռան) քչացել են․ մի մասը մնացել են Ադրբեջանի գրաված տարածքներում, մի մասն էլ հենց սահմանի մոտ է, հակառակորդի նշանառության տակ, որտեղ սադրանքներ են ձեռնարկվում։ Դրա պատճառով աճել է խաղողի գինը (հատկապես խնդողնի տեսակինը, որը մշակվում է Արցախում)։ Եթե նախորդ տարիներին այն մթերում էին մեկ կիլոգրամի համար մոտ 180 դրամով, ապա այս տարի՝ մոտ 500 դրամով։ Դա ֆերմերներին թույլ է տվել մի փոքր լրացնել եկամուտները։
Ինչ վերաբերում է պտուղ-բանջարեղենային գործարաններին, դրանց հիմնական մասը («Արցախ ֆրուտ», «Արցախ բերրի», «Արցախ բիո» և այլն) նույնպես վերսկսել են աշխատանքը (թեև ավելի փոքր ծավալներով) և այս աշնանը ֆերմերներից գնել են բերքը, Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Երևանում «Արցախյան» խանութի հիմնադիր Գագիկ Դերանցը։
Նշենք, որ այս տարվանից սկսած Արցախի կառավարությունը սկսել է ֆերմերներին այգիների տնկման և կաթիլային ոռոգման համար սուբսիդիաներ հատկացնել։ Այս ծրագիրը կշարունակվի հաջորդ տարի ևս, ինչպես և աջակցությունը արտադրական սարքավորումները գնող ձեռնարկություններին։