2021 թվականը հայ-ամերիկյան հարաբերությունների տեսանկյունից առանձնապես ոչնչով աչքի չընկավ, ինչն ունի իր պատճառները, որովհետև ԱՄՆ–ն մեր տարածաշրջանում արցախյան 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած գործընթացներին գրեթե չէր մասնակցում, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Անդրադառնալով Թուրքիայի նախագահի մամլո խոսնակի հայտարարությանը, ըստ որի` ԱՄՆ–ի հայկական լոբբին շուտով կփլուզվի, քանի որ Հայաստանի և Թուրքիայի միջև սկսում է հարաբերությունների կարգավորման գործընթաց, Բալասանյանն ընդգծեց, որ թուրքական տարբեր տրամաչափի պաշտոնյաները միշտ էլ ցանկալին փորձել են մատուցել իրականության տեղ, ու նման բան չի կարող լինել։
«Նման ճգնաժամ կար նաև 1990-ական թվականների սկզբին, սակայն այդ ժամանակ էլ հայկական լոբբին ապրեց ու զարգացավ, պարզապես վերջին իրադարձությունների ֆոնին ԱՄՆ–ի հայկական լոբբին կարող է պարզապես երես թեքել ՀՀ իշխանություններից` ինքնուրույնաբար շարունակելով ազգապահպան գործունեությունն ու հայկական պահանջատիրությունը, ինչպես նաև կապ չունենալ Վաշինգտոնում գործող ՀՀ դեսպանության և Լոս Անջելեսում տեղակայված գլխավոր հյուպատոսության հետ։ Այդ դեպքում մեր դիվանագիտական կառույցները կզրկվեն այն կապերից ու հնարավորություններից, որոնք կարող էին օգտագործել հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացնելու համար»,- նշեց միջազգայնագետը։
Անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ստորագրած Ազգային պաշտպանության օրենքին, որում դրույթներ կան արցախյան 44-օրյա պատերազմում Թուրքիայի և Ադրբեջանի հանցագործությունների վերաբերյալ, Բալասանյանն ընդգծեց, որ այդ փաստաթուղթը չի կարող օգտագործվել որպես գործնական լծակ, այն հերթապահ որոշումների շարքից է, որով Միացյալ Նահանգները փորձում է ցույց տալ, թե մտահոգված է Հայաստանի վիճակով և ամեն ինչ անելու է պատերազմի հետևանքները վերացնելու համար։
«Իրականում եթե ԱՄՆ-ն իսկապես ուզում է գործնական քայլեր ձեռնարկել, ապա կարող էր, օրինակ, վերականգնել Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևը, որով արգելվում էր սպառազինության մատակարարումն Ադրբեջանին, սակայն այդ ուղղումն օրակարգից հանվեց դեռ Ջորջ Բուշ կրտսերի պաշտոնավարման ժամանակաշրջանում։ Այսինքն` նոր հեծանիվ հորինելու փոխարեն Միացյալ Նահանգները կարող է կոնկրետ որոշմամբ փակել հարցը»,– ասաց միջազգայնագետը։
Բալասանյանի կարծիքով` ԱՄՆ-ի համար դժվար կլինի վերադառնալ մինչպատերազմյան ներկայությանը Հարավային Կովկասում, եթե հաշվի առնենք առկա նախադրյալներն ու աշխարհաքաղաքական միտումները։ Ըստ նրա` Միացյալ Նահանգները չունի այն վստահությունը, որ այսօր արդյունավետորեն վերահսկում է իրավիճակը, մասնավորապես, Հայաստանում, հետևաբար դեսպան Լին Թրեյսիի «հանուն ավելի լավ ապագայի համար համագործակցելու» հայտարարությունը, ըստ Բալասանյանի, լոկ դիվանագիտական ֆորմալ ձևակերպում է, որի ներքո թաքցվում են իրական մտահոգությունները հայ-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ։