Հայտնի բլոգեր, սոցցանցերում առողջ սնունդ քարոզող Հեղնար Շալունցը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է պատրաստվում Ամանորին, ինչ ուտեստներ է նախընտրում և որքան ժամանակ է ծախսում դրանք պատրաստելու համար։
«Ամանորն ինձ համար հանգստանալու, ընտանիքի ներկայությունը վայելելու, ոչ թե տանջվելու օրեր են։ Ամենաիդեալական տարբերակը Ամանորին 3-4 օր շուտ չպատրաստվելն է։ Կարելի է պատրաստել մի քանի թեթև ուտեստ, որոնք պատրաստ կլինեն հաշված րոպեների ընթացքում»,– ասաց Հեղնարը։
Նա Ամանորի սեղանի համար պարտադիր մեկ–երկու տեսակի բրուսկետա է պատրաստում։
«Հյուրերս շատ են հավանում դրանք, ու բոլորին խորհուրդ կտամ պատրաստել»,–նշեց սննդաբանը։
Հեղնարի տոնական սեղանից անպակաս է նաև հավի կրծքամսով ռոլը։ Նրա խոսքով` ովքեր քաշի հետ խնդիր ունեն, կարող են չօգտագործել բեկոն։
Տոնական սեղանի գլխավոր ուտեստը ջեռոցում պատրաստված սաղմոնն է։
«Ես էլ, ընտանիքս էլ ձուկ ենք նախընտրում, քանի որ այն ավելի դյուրամարս է ու պատրաստվում է 15-20 րոպեում»,– ասաց սննդաբանը։
Իսկ ի՞նչ տոնական սեղան առանց աղցանների։ Հեղնարի խոսքով` իրենց տանը առողջարար աղցանների պակաս չկա։
«Աղցանների բաղադրության մեջ չկա թթվասեր կամ մայոնեզ։ Անգամ եթե որոշեն միմյանց խառնել, միևնույնն է` ստամոքսի համար վտանգ չեն ներկայացնի»,–կատակեց նա։
Նշենք, որ Հեղնարը Շալունցը շատ ակտիվ է սոցցանցերում։ Նա հաճախ է նոր բաղադրատոմսեր ստեղծում ու դրանց մասին պատմում սոցցանցային օգտատերերին։ Սովորեցնում է համեղ ու ճիշտ սնվել և չգիրանալ։