ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային «Օմիկրոն» շտամի 93 դեպք։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեին։
Ըստ Իմնաձեի, դրանց մեծ մասի համար հաստատված է համաճարակաբանական հսկողություն և հայտնի է փոխանցման շղթան։ Սակայն տարածումը կշարունակվի։
«Փորձենք հնարավորինս նեղ շրջապատում դիմավորել Ամանորը, անպայման ունենալ պաշտպանիչ դիմակ։ Որպեսզի պաշտպանված լինենք, առաջին հերթին մենք պետք է լինենք պատվաստված»,- ասել է Պաատա Իմնաձեն։
Նրա խոսքով՝ երկրում կորոնավիրուսով չվարակված և չպատվաստված մարդկանց թիվը բավականին մեծ է, և եթե նրանք վարակվեն, բժշկական ոլորտի ծանրաբեռնվածությունը զգալիորեն կմեծանա։
Հիշեցնենք, որ մինչ այս պահը, բարեբախտաբար, ՀՀ–ում «օմիկրոն» չի հայտնաբերվել։