ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Մարդկանց անվտանգության հարցերն ու նրանց իրավունքները պետք է դիտարկել միևնույն հարթության մեջ, այլապես խնդիրները խորանալու են։ Այդ մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշեց Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
«Սահմանների հետ կապված հարցերը քննարկվում են ռազմական ու քաղաքական տեսանկյունից, անտեսված են մարդկանց իրավունքները։ Այս առումով պետական քաղաքականությունը սխալ ուղղությամբ է ընթանում։ Մարդու իրավունքներն անտեսելը բերելու է անվտանգության ավելի մեծ խնդիրների», – ասաց ՄԻՊ–ը։
Թաթոյանը հավելեց, որ կան պաշտոնյաներ, որոնք ներքին քաղաքական դժգոհություններ չառաջացնելու համար մարդու իրավունքներին և երկրի անվտանգությանը սպառնացող հայտարարություններ են անում։
Որպես օրինակ նա նշեց իշխանության ներկայացուցիչների այն հայտարարությունները, որոնք լեգիտիմացնում են ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։ Ըստ Թաթոյանի` պետք է անընդհատ խոսել այն մասին, որ ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչների ներկայությունը երկրի բնակիչների անվտանգությունը խաթարող գործոն է և թույլ չտալ, որ ադրբեջանական դիրքերն ամրապնդվեն միջազգային ատյաններում։
«Սա դարձել է մեր անվտանգության լուրջ սպառնալիքներից մեկը, որը պետք է վերացնել»,–ընդգծեց նա։
Երկրորդ մարտահրավերը Թաթոյանը համարում է ՄԻՊ–ի հաստատության վերաբերյալ սխալ մոտեցումներն ու ընկալումները։ Ըստ նրա` ակնկալիք կա, որ օմբուդսմանը պետք է պաշտպանի պաշտոնյաներին քաղաքացիներից։ Նա անգամ պաշտոնյաներից գրություններ է ստացել, որոնցում նրանք բողոքում են քաղաքացիների գործողություններից և պաշտպանություն են խնդրում։
«Մարդու իրավունքների պաշտպանը դա չի կարող անել. նրա դերը քաղաքացուն պաշտպանելն է», – նշեց Թաթոյանը։
Նա հավելեց, որ իր ղեկավարած կառույցի աշխատանքն ու հայտարարություններն ընկալվում են ոչ ինստուցիոնալ և անձնական, նաև կարծրատիպային մոտեցումներով։
ՄԻՊ–ը նշեց, որ երկու հիմնական խնդիրներն էլ ոչ հանրային ձևաչափով քննարկել է պաշտոնյաների հետ, սակայն ոմանք շարունակում են նույն կերպ գործել։ Օմբուդսմանն անթույլատրելի համարեց ՄԻՊ–ի գրասենյակի քննադատությունները քաղաքական ընդդիմության տեսանկյունից դիտարկելը, քանի որ դա նրա ինստիտուցիոնալ իրավունքն է ու պարտավորությունը։
«Ես երբեք չեմ մտահոգվել այն հաշվով, թե ով ինձ հետ համաձայն կլինի, իսկ ով` ոչ։ Դա իրենց խնդիրն է, ես կատարում եմ իմ գործը»,-ընդգծել է պաշտպանը։
Վերջին շրջանում լարվածություն է նկատվում ՄԻՊ գրասենյակի և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջև։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ՀՀ Անվտանգության խորհուրդը նիստ գումարեց, որից հետո հայտարարեց, թե Գորիս-Կապան, Կապան-Ճակատենի` Ադրբեջանի հսկողության տակ անցած մասը ՀՀ տարածքում չէ։
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դրանից հետո հայտարարությամբ հանդես եկավ` հորդորելով չանել հայտարարություններ, որոնք կարող են խնդիրներ հարուցել միջազգային ատյաններում։ Հետո ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը քննադատեց Թաթոյանին՝ նշելով, որ «նրանից երբևէ չի տեսել անաչառ հայտարարություն»։
Գրիգորյանն ասաց, որ որոշ մարդիկ հանդես են գալիս «հակահեղափոխական դիրքերից» և Թաթոյանը նրանց շարքում է։
Նշենք, որ Արման Թաթոյանը մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել 2018-ի իրադարձություններից առաջ՝ 2016 թվականի փետրվարի 23-ին։
Վեց տարի անց՝ 2022-ի նույն օրը, նրա պաշտոնավարումն օրենքով ավարտվելու է։ ՔՊ–ն արդեն այդ պաշտոնում առաջադրել է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։