ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Ակնհայտ է, որ պարեկային ծառայությունը կայացել է։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխոստիկանապես Արա Ֆիդանյանը։
«Պարեկները տիրապետում են իրենց գործառույթներին, բավականին արդյունավետ աշխատանք են տանում։ Իսկ ինչ վերաբերում է որոշ միջադեպերին և քրեական գործերին, ապա դա էլ խոսում է այն մասին, որ մենք բաց ենք, որևէ բան չենք թացքնում։ Բացի այդ, բնական է, որ աշխատանքի ընթացքում հնարավոր են նաև ինչ–ինչ խնդիրներ»,–ասաց Ֆիդանյանը։
Անդրադառնալով լրագրողների նկատառմանը, թե ի՞նչ է կարծում` արդյո՞ք արդարացված է պարեկային ծառայության գործունեությունը, քանի որ շատ բողոքներ են հնչում` Ֆիդանյանը նշեց, որ եթե ուշադիր հետևեն ոստիկանության հաղորդագրություններին, ապա կտեսնեն, թե քանի հանցագործության դեպքեր են բացահայտվել նրանց շնորհիվ։
Փոխոստիկանապետը հավելեց` պարեկների կողմից կան ձերբակալված հետախուզվողներ, թմրամիջոցների հայտնաբերման դեպքեր, ինչպես նաև իրականացվում են այլ ծառայություններ ևս, որն ամբողջովին բավարարում է հասարակությանը։
Հիշեցնենք, որ պարեկային ծառայությունը Երևանում ներդրվել է հուլիսի 7-ից. մինչև 2023-ի առաջին եռամսյակի ավարտը ՀՀ ողջ տարածքում պարեկային ծառայություն կգործի։