Նոր գումարտակ չի ձևավորվի. Ֆիդանյանը` ապաշրջափակումից հետո ոստիկանների աշխատանքի մասին

Արա Ֆիդանյան
Փոխոստիկանապետը նշեց, սակայն, որ հնարավոր է` ներքին վերաձևափոխումներ լինեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Ապաշրջափակման գործընթացից հետո տրանսպորտային հանգույցներում տեղակայված նոր մաքսակետերում ծառայություն կիրականացնեն նաև ոստիկանները։ Տեղեկությունը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում չհերքեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը` որոշ մանրամասներ հայտնելով։
Սյունիքի հենակետերում ոստիկաններն ու ուժայինները մարտական հերթապահություն են իրականացնում
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր` ոստիկանության աղբյուրներից տեղեկացել են, որ ներքին զորքերում չորրորդ գումարտակ է ձևավորվում, որը, ըստ նախնական ինֆորմացիայի, պետք է ծառայություն իրականացնի, այսպես կոչված, բլոկ-պոստերում: Թերթը գրում էր` փաստորեն ՊԵԿ մաքսավորներից բացի նաև ՆԶ հատուկ պատրաստվածության գնդի տղաներն են ներգրավվելու այդ աշխատանքներում, ինչը նշանակում է, որ իշխանությունն էլ է հասկանում` խաղաղության դարաշրջան ասվածը միֆ է։

«Իմ ինֆորմացիայով` որևէ նոր ստորաբաժանում չի ձևավորվի։ Սակայն հնարավոր է իրավիճակից ելնելով` ոստիկանության զորքերի որոշ աշխատակիցների գործուղումը դիտարկել հանրապետության տարբեր մարզեր։ Հնարավոր է ներքին վերաձևափոխումներ լինեն, սակայն նոր գումարտակ չի ձևավորվելու»,–ասաց Ֆիդանյանը։

Նա նշեց, թե դեռ չի կարող ասել, թե ինչ աշխատանքներում են ներգրավվելու ոստիկանները. աշխատանքներն ավարտված չեն, հստակություն չկա։