ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին գալիք տոների առիթով շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Անցնող տարին նշանավորվում է հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդմամբ՝ հիմնված բարեկամության, ռազմավարական գործընկերության և դաշնակցային սկզբունքների վրա։ Բարեհաջող զարգանում է առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցությունը: Նշանակալի արդյունքներ են ձեռք բերվել համատեղ խոշոր ծրագրերի առաջմղման գործում»,–նշել է Միշուստինը։
Նա հույս է հայտնել, որ 2022թ-ին նոր ազդակ կհաղորդվի երկկողմ գործակցությանը և նախադրյալներ կստեղծվի նոր փոխշահավետ նախաձեռնությունների իրականացման համար։
Ավելի վաղ Միշուստինը շնորհավորական ուղերձ էր հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։