«Լավ է, որ նոր քաղաքապետը հին տղեքից ա». Գյումրու քաղաքապետարանում պարգևատրումներ էին

Գյումրու քաղաքապետարանում վերջին տարիներին ավանդույթ է դարձել տարվա ընթացքում տարբեր ոլորտներում աչքի ընկած աշխատակիցների պարգևատրման միջոցառումը: Նախորդ քաղաքապետի օրոք մեկնարկած այս ավանդույթը շարունակեց նաև նորընտիր քաղաքապետը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու քաղաքապետարանում այսօր պարգևատրման արարողություն էր։ Տարվա ընթացքում լավ աշխատանքով առանձնացածներին պարգևատրում էր նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։
Նա առաջին շնորհավորանքն ու շնորհակալությունը հղեց նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ նշելով, որ իրեն բաժին հասած լավ ծրագրերից շատերը մեկնարկել են հենց Բալասանյանի օրոք։
Գյումրու համայնքի ղեկավարի խորհրդական Լենա Ջիլավյան
«Տարին բարդ էր բոլորիս համար՝ դժվարությունների հանդիպել ենք բոլոր ոլորտներում, բայց ի ուրախություն բոլորիս, աշխատանքները կարողացել ենք բնականոն իրականացնել: Քաղաքում ամենամեծ ու տեսանելի ծրագիրը փողոցաշինությունն է՝ 33 փողոցում հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել: Դրանցից միայն հինգում աշխատանքները դեռ ավարտված չեն: Համայնքային ենթակայության մի շարք կառույցներում ևս վերականգնման ու վերազինման աշխատանքներ են իրականացվել»,-ներկայացրեց քաղաքապետը:
Գյումրու քաղաքապետարանում պարգևատրումներ էին
Ավելի քան 44 տարվա աշխատանքային ստաժ ունեցող Գյումրու համայնքի ղեկավարի խորհրդական Լենա Ջիլավյանը, որը երկար տարիներ եղել է քաղաքի գլխավոր ֆինանսիստը, ուսումնական պրակտիկայի նպատակով տարիներ առաջ Լոռու մարզից Գյումրի էր տեղափոխվել։ Բայց ուսանողական պրակտիկան վերաճեց Գյումրիում ընտանիք կազմելուն, ապա ողջ կյանքը Գյումրուն կապվելուն ու Գյումրիով ապրելուն։ Հիմա էլ Գյումրիում իրեն սիրված ու գնահատված է զգում: «Մտածում եմ՝ ինչ լավ է, որ նոր քաղաքապետը հին տղեքիցա՝ ճանաչում է բոլորին, գիտի` ով ով է, պարգևատրում ու շնորհավորում է»,- գնահատականի համար իր կողմից շնորհակալություն հայտնելով քաղաքապետին՝ ասաց Գյումրու համայնքի ղեկավարի խորհրդական Լենա Ջիլավյանը:
Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի աշխատակից Սահականուշ Գրիգորյանը
Նշենք, որ քաղաքապետի պատվոգրերին ու հուշանվերներին շատերն արժանացան՝ հաշվապահ, ուսուցիչ, փրկարար, գործավար, սանմաքրման աշխատակից, կռունկավար և այլն:
Միջոցառմանը ներկա բոլոր գյումրեցիների մաղթանքն այսօր նույնն է՝ խաղաղություն ու բարօրություն լինի մեր երկրում: