ՌԱԴԻՈ

Հունգարիան դրական ժեստերով փորձում է ՀՀ–ի հետ վերականգնել հարաբերությունները. Վարդանյան

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է հայ–հունգարական հարաբերությունների մասին, որոնք սկսում են փոխվել Հունգարիայի միջնորդությամբ հինգ հայ ռազմագերիներին Հայաստանին հանձնելուց հետո։
Sputnik
Հիմա Հունգարիան փորձում է դրական քայլեր կատարել և վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ գերիների վերադարձի մասին, նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։
Նա հիշեցնում է, Հայաստանի և Հունգարիայի հարաբերությունները վատթարացրել է մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու պատճառով։
Ըստ նրա` պատահական չէ, որ բացի հինգ գերիներին վերադարձնելու հարցում միջնորդելուց, հունգարական կողմը նաև 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերել Հայաստանին։

«Դիվանագիտության մեջ կամ միջազգային երկկողմ միջպետական հարաբերություններում շատ ընդունված է այն պրակտիկան, ըստ որի` եթե երկրների միջև հարաբերություններն այս կամ այն պատճառով վատթարանում են, կողմերից մեկը դրական քայլեր է նախաձեռնում, որպեսզի հարաբերությունները բարելավվեն»,– ասաց քաղաքագետը։

Վարդանյանի կարծիքով` այստեղ օգտագործվել են նաև ժողովրդական դիվանագիտության հնարավորություններն ու կապերը, ինչպես նաև վճռորոշ է եղել Վատիկանի դերակատարությունը, որը նույնպես աջակցել է գերիների հետ կապված հումանիտար գործողություն իրականացնելու հարցում։
Ըստ նրա`Հունգարիայի կառավարությունը նույնպես տեղյակ է եղել, գուցեև քայլեր է ձեռնարկել, սակայն ավելի շատ գործել է ժողովրդական դիվանագիտությունը։
«Հունգարիայի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունները վաղ թե ուշ վերականգվելու են։ Մեր երկիրն այժմ չունի ճնշում գործադրելու հզոր միջոցներ, փոխարենը հունգարիան Եվրամիության անդամ է և կարող է ինչ–ինչ քայլեր ձեռնարկել»,– նշեց քաղաքագետը։
Մուրադյանն առաջարկել է գերիների վիճակը պարզելու համար բժիշկներ ուղարկել Բաքու. մանրամասներ
Վարդանյանի համոզմամբ` Հայաստանն ինչ–որ փուլում այդուհանդերձ կսեղմի Հունգարիայի մեկնած ձեռքը, և դա ակնառու է ռեալ–պոլիտիկի տեսանկյունից։
Նշենք, որ դեկտեմբերի 29–ին Ադրբեջանը Հունգարիայի միջնորդությամբ հինգ հայ ռազմագերիների է հանձնել Հայաստանին։
Խոսքը նոյեմբերի 16-ին Սյունիքում ադրբեջանական սադրանքի ժամանակ գերեվարված զինվորականների մասին է։