ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Շրջակա միջավայրին և էկոլոգիային հասցրած վնասի մասին հայցով հայկական կողմն ունի լեգիտիմ հիմքեր միջազգային դատարաններ դիմելու ընդդեմ Ադրբեջանի։ Այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
Ըստ նրա` ադրբեջանական կողմը կեղծիքների է դիմում զանազան հարցերում, այդ թվում միջազգային ատյաններում ներկայացվող փաստերի։ Սակայն հայկական կողմը, ունենալով լեգիտիմ հիմք, դեռ քայլերչիձեռնարկել։ Նա մասնավորապես հիշեցրեց ադրբեջանցիների կողմից Զվարագետի հունը փոխելը, ինչի հետևանքով Մեղրին երբեմն ջրի խնդիր է ունենում։
«Վերին Շորժայում նրանք ջրավազանների մոտ են տեղակայված, ինչը խմելու ու ոռոգման ջրի խնդիր է առաջացրել առանձին գյուղերում։ Նույնը կա Սև լճի տարածքում», - նշեց Թաթոյանը։
ՄԻՊ-ը նկատեց, որ քննարկումներում շատ է խոսվում Մարդու իրավունքների եվրոպական դատարան ու Արդարադատության միջազգային դատարան (Հաագայի դատարան) դիմելու մասին, սակայն կարևոր է աշխատանք տանել միջազգային հանձնաժողովների ու խորհուրդների, հատուկ զեկուցողներ հետ։
«Հաճախ միջազգային դատարաններն օգտվում են հենց այդ կառույցների արձանագրած ապացույցներից։ Ու մի բան է ներհայաստանյան կառույցների ապացույցները, մեկ այլ բան է միջազգային համազեկուցողի աշխատանքը», - ասաց Թաթոյանը։
Նշենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն վերջերս հայտարարել էր, որ Ադրբեջանն ամենակարճ ժամկետներում կդիմի միջազգային դատարան Հայաստանի կողմից երկու կոնվենցիաների խախտման փաստով՝ շրջակա միջավայրին և էկոլոգիային հասցրած վնասի և Ադրբեջանի էներգետիկ և բնական ռեսուրսների անօրինական յուրացման գործերով: