ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Վարդենիսի համայնքի ղեկավար ընտրված «Ահարոն Խաչատրյան» դաշինքի առաջնորդ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 4-ին: Նման որոշում է կայացվել դեկտեմբերի 30-ի ավագանու նիստում։
Ավելի վաղ Վարդենիս քաղաքի ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչները նիստ էին հրավիրել և 14 կողմ ձայնով համայնքապետ ընտրել նույնանուն դաշինքի թեկնածու Ահարոն Խաչատրյանին:
ՔՊ անդամներից Նաիրա Մանուչարյանը բոյկոտել էր նիստը՝ հայտարարելով, որ իրենց ոչ ոք չի զգուշացրել, որ այն ի վերջո պետք է կայանա։ Նրա խոսքով՝ այսօրվա նիստը հետաձգվել է մինչև հունվարի 3-ը, ուստի իրենք չեն մասնակցել դրան։ Նիստը, այնուամենայնիվ, կայացել է, հերթական նիստը տեղի կունենա 2022 թվականի փետրվարի 8-ին։
Լրագրողների հետ զրույցում Խաչատրյանն արձագանքեց իշխանամետ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների «բոյկոտին»։ Նա նշեց, որ կուսակցությունը տեղյակ է եղել նիստի անցկացման օրը փոխելու ծրագրերին։
«Ես պատրաստ եմ և մտադիր եմ աշխատել ավագանու բոլոր ներկայացուցիչների հետ»,- ասաց Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Վարդենիսի ավագանու անդրանիկ նիստը սկսվելուց առաջ Վարդենիսի քաղաքապետի պաշտոնակատար Արամ Մելքոնյանի և «Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամ Կարեն Մկրտչյանի միջև վիճաբանություն եղավ: Մելքոնյանը Մկրտչյանից պահանջեց լքել շենքը՝ նրան մեղադրելով հակաօրինական գործողությունների մեջ։
Վեճին միջամտեցին ոստիկանները, որոնք բերման ենթարկեցին ավագանու 2 ներկայացուցչի։ Այսպիսով` խորհրդի առաջին նիստը տապալվեց։ Ավելի ուշ գումարվեց նոր նիստ և համայնքի ղեկավար ընտրվեց ավագանու ընդդիմադիր թևի ներկայացուցիչը։
Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը` 10, իսկ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը` 4 մանդատ։ Ելնելով արդյունքներից` «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները միավորվելու որոշում են կայացրել ու հայտարարություն ստորագրել։ Այսպիսով, նրանք բավարար մանդատ ունեն, որպեսզի քաղաքապետ առաջադրեն, սակայն այս ամենից հետո մեղադրանք առաջադրվեց «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող, Վարդենիսի նախկին ղեկավար Արամ Հարությունյանին։
Նշենք, որ դեկտեմբերի 10-ին Գավառի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՀՀ քննչական կոմիտեի միջնորդությունն ու կալանավորել Հարությունյանին։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու, ինչպես նաև խարդախության մեջ։