ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը սպասվում է հունվարին։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել են Թուրքիայի ԱԳՆ նախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Նշանակված հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կլինի հունվարին», - ասել է Չավուշօղլուն Անկարայում։
Նա հավելել է, որ Երևանի և Ստամբուլի միջև ավիաչվերթները կբացվեն առաջիկա օրերին։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն 2021–ի դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։
Հայտնի է, որ թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, հայկական կողմինը` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնեց, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չկա, քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը։