Չհասցրին Շուշիում կնքել. իրանահայ Նժդեհն ու արցախցի Գայանեն 4 դուստր են մեծացնում Երևանում

Երկար տարիներ ապրելով Իրանում ու Արցախում՝ Նժդեհ Խաչատրյանն ու Գայանե Զաքարյանը իրար գտել են Երևանում, «պատահաբար» ամուսնացել Շուշիում ու այժմ մեծ ընտանիք ունեն։
Sputnik
Նժդեհ Խաչատրյանն ու Գայանե Զաքարյանը երկու տարվա տարբերությամբ երկվորյակներ են ունեցել, բոլորը` աղջիկներ։ Վիվենը, Նոյեմին, Էվան ու Նանեն առաջին հայացքից շատ նման են իրար, բայց 5 և 3 տարեկան երեխաներին մի քանի րոպե հետևելով` կարողանում ես տարբերել. մեկն ավելի մեղմ բնավորություն ունի, մյուսն ակտիվ է, ու տանը նրան «մոծակ» են ասում, երրորդն էլ սիրում է զարդարվել ու պճնվել... Փոքրիկների ծնողները երեխաների անունները մինչև նրանց ծնվելն են որոշել։
Նժդեհ Խաչատրյանի ու Գայանե Զաքարյանի ընտանիքը
«Ու անունները շատ են սազում իրենց, օրինակ՝ Նանեի դեմքին Էվա անունը չէր սազի, բայց էսպես լրիվ իրենց անուններն են», – ասում է Նժդեհը։
Նժդեհ Խաչատրյանի ու Գայանե Զաքարյանի դուստրերը
Նժդեհն ու Գայանեն ծանոթացել են հասուն տարիքում` 31 ու 29 տարեկանում։ Չնայած դրան՝ դեռահասության տարիներին մի քանի դեպք է եղել, որ նրանք եղել են նույն միջավայրում, բայց իրար չեն ճանաչել։ Նժդեհը ծնվել ու մեծացել է Իրանի Սպահան քաղաքում։ Ընտանիքում հայերեն են խոսել, պատերը զարդարել են հայկական հերոսների նկարներով, Նժդեհի անունն էլ ևս մի փաստ է, որ ընտանիքն ամուր կպած է իր արմատներին։ Փոքր տարիքում Նժդեհը մի քանի անգամ Հայաստան է եկել՝ տարբեր ճամբարների մասնակցելու։ Գայանեն էլ Արցախից ժամանած պատվիրակության կազմում է երկու անգամ մասնակցել այդ ճամբարներին։
Նժդեհ Խաչատրյանի ու Գայանե Զաքարյանի դուստրերը
«Միասին պարել ենք, հաց ենք կերել, նկարվել ենք, բայց իրար չենք ճանաչել։ Ճակատագիր էր, էլի, պիտի անպայման հանդիպեինք, ուղղակի ավելի ուշ եղավ»,– ժպտալով պատմում է Գայանեն։
Նժդեհ Խաչատրյանի ու Գայանե Զաքարյանի ընտանիքը
Նրա հայրը Արցախի Քոլատակ գյուղից է (44-օրյա պատերազմից հետո մնացել է հայկական վերահսկողության տակ), մայրն ազգությամբ ռուս է, երկուսն էլ աշխատել են հանքարդյունաբերության ոլորտում։ Սկզբում Ռուսաստանում են ապրել, ապա Ալավերդիում, Արցախյան պատերազմից հետո էլ (որին հայրը մասնակցել է) տեղափոխվել են ազատագրված Շուշի։

«Շուշի վերադարձած առաջին հայերից էինք, ազատագրումից երկու ամիս անց ենք տեղափոխվել։ Ղազանչեցոց եկեղեցուց դեռ վառոդի հոտ էր գալիս, մեր աչքի առջև էին վերականգնում քաղաքը։ Բարդ մանկություն ենք ունեցել, հայրս կարող էր շատ ավելի ապահով կյանք ընտրել, բայց որոշեց, որ իր ընտանիքը պետք է Ղարաբաղում ապրի։ Մայրս էլ, ռուս լինելով, շատ հայերից շատ է սիրում Հայաստանը, ամուսնու որոշման հետ համաձայն էր։ Ասում էր՝ որտեղ ամուսինս, այնտեղ էլ` երեխաներս ու ես։ Մենք ապրում էինք եկեղեցու դիմացի շենքում, որ հիմա հողին են հավասարեցրել…»,– հիշում է Գայանեն։

Աղջիկը ֆլեյտա էր նվագում, Արցախի միակ ֆլեյտահարն էր, ուսումը շարունակելու նպատակով տեղափոխվում է Հայաստան՝ Երևանի կոնսերվատորիայում սովորելու։ Մի օր ելույթ է ունենում Նարեկացի արվեստի միությունում, համերգին ներկա է լինում նաև Նժդեհը։ Մի քանի օր անց պատահաբար հանդիպում են սրճարանում։
«Դասերի արանքում պատուհան ունեի, մենակ նստած սուրճ էի խմում, երբ մոտեցավ, ասաց՝ ձեզ տեսել եմ Նարեկացիում նվագելիս։ Էդպես սկսվեց», – պատմում է Գայանեն։
Այդ ժամանակ արդեն հինգ տարի էր, ինչ Նժդեհը Իրանից Հայաստան էր տեղափոխվել։ Իրանում զինվորական ծառայություն անցնելու ժամանակ (այնտեղ տղամարդկանց անձնագիր են տրամադրում միայն ծառայություն անցնելուց հետո) որոշել էր, որ ուզում է մշտապես տեղափոխվել Հայաստան, այստեղ ապրել։ Տեղափոխվել էր, աշխատել մի քանի լրատվամիջոցներում որպես մոնտաժող։ Այդ օրն էլ Նարեկացի կենտրոնում լինելը պատահականություն չէր. Հայաստանը դեռ համեմատաբար նոր էր Նժդեհի համար, ու նա աշխատում էր շատ միջոցառումների մասնակցել։
«Պապա ունենք` աշխարհը չունի». զվարճալի տեսանյութ
«Ծանոթությունից մի տարի անց ամուսնացանք։ Էդպես չէինք պլանավորել, բայց մեր պսակը Ղազանչեցոցում եղավ։ Դրանում էլ ինչ–որ չափով կա պատերազմի պատճառը՝ Շուշիում շատ աղջիկներ չէին ամուսնանում, քանի որ տղաները քիչ էին։ Ու ամբողջ քաղաքում երջանկանում էր, երբ շուշեցի աղջիկ էր ամուսնանում։ Տեր Անդրեասի (այդ ժամանակ Շուշիի հոգևոր հովիվը) ձեռքով մենք էդ օրը ոչ թե նշանվեցինք, այլ ամուսնացանք», – պատմում է Գայանեն։
Իրանից եկած ընտանիքի հետ Նժդեհը ուղևորվեց Արցախ՝ Գայանեի ընտանիքի հետ ծանոթանալու ու նշանդրեքի։ Նշանի արարողության անելու համար Ղազանչեցոց գնացին։
«Տեր Անդրեասն ասեց՝ էս ինչ թիթուզություն եք անում, նշանը ո՞րս ա, թագերը բերեք։ Ու պսակեց մեզ։ Մինչև Ղարաբաղի բարբառը սովորեցի, արդեն պսակված էի», – կատակում է Նժդեհը։
Աշտարակցի ատամնաբույժ Նիկողոս Այվազյանը, Վիկտոր Համբարձումյանն ու նրա 120 կարի մեքենաները
Այնպես ստացվեց, որ առաջին զույգ բալիկներն էլ Արցախում ծնվեցին՝ նորից նախապես որոշած պլաններից դուրս։ Գայանեն պետք է ծննդաբերեր Երևանի հիվանդանոցներից մեկում։ Բժիշկները պարբերաբար ասում էին, որ ծննդաբերության ժամանակ կա՛մ իր, կա՛մ երեխաների հետ խնդիր կարող է լինել (Գայանեն 35 տարեկանում էր սպասում առաջին երկվորյակներին)։ Մի օր էլ որպես «օտարերկրացի» (Գայանեն ուներ Արցախի գրանցում)՝ հիվանդասենյակի համար կրկնակի գումար ուզեցին։ Նա էլ հղիության վերջին ամսում տեղափոխվեց Ստեփանակերտ ու երեխաներին ողջ–առողջ լույս աշխարհ բերեց տեղի ծննդատանը։
Երկրորդ երվորյակների ծնունդից հետո ընտանիքում որոշեցին չորսին միասին կնքել Շուշիի Ղազանչեցոցում։ Չհասցրին։

«Մեծ ցավ է, բառերով ոնց ասես… Օր չկա, որ չանիծեմ… Դեռ ոչ մի ուրիշ տեղ չենք կնքել իրենց»,– ասում է Գայանեն։

Պատերազմի պահին Շուշիում ու Ստեփանակերտում էին ապրում նրա ծնողները և քույրերը։
«Ամենաապահովը պատերազմի ժամանակ Շուշին էր։ Ես այնտեղ ապրել եմ, ամեն ծակը գիտեմ։ Քաղաքը գրավելը հեշտ չէր։ Պապաս պատմում է, որ վերջին օրերին ադրբեջանցի զինվորների խմբեր են հայտնվել, որ հայերեն էին խոսում ու մարդկանց մոլորեցնում։ Նոյեմբերի 7-ի գիշերը հայրս հրացանը ձեռքին դուրս է եկել Շուշիից։ Գիտենք, որ քաղաքում շատ ընտանիքներ իրենց տանը մորթվել են, չեն հասկացել, որ զինվորները ադրբեջանցիներ են», – պատմում է Գայանեն։
Պատերազմից հետո չորս երեխան այդքան էլ մեծ թիվ չի թվում, Գայանեն ասում է. «Աստված շատ չհամարի, թող էլի երեխա տա»։ Նա շարունակում է աշխատել՝ շաբաթը երկու օր ֆլեյտայի դասեր է տալիս արվեստի ուսումնարանում։ Դայակ չունեն, բարեկամներն են մեկ–մեկ օգնում, բայց փոքրիկները միայն ծնողներին են ենթարկվում։
Նժդեհ Խաչատրյանի ու Գայանե Զաքարյանի ընտանիքը
«Իհարկե, դժվար է, բայց մենք էլ պիտի հասկանանք, որ երեխաներ են ու պիտի չարություններ անեն», – ասում է Գայանեն։
«Իմ ուղեղն անընդհատ չորս ուղղությամբ լարված ա, թե երեխեքից որ մեկը հիմա ինչ ա անում», – ավելացնում է Նժդեհը։
Առանց խստության չորս երեխաների հետ հնարավոր չէ՝ արդեն ժամը 9–ից բոլորը քնած են լինում, այդ ժամանակ տան մեծերի համար սկսվում են լռության փայփայելի ժամերը։
Այս մեծ ընտանիքն ապրում է Երևանում և իր վերջին օրերն անցկացնում վարձակալած բնակարանում. Նոր տարին նրանք արդեն կդիմավորեն իրենց սեփական տանը, որը նույնպես հարազատ դարձած Երևանում են գնել։
«Հո ամեն քաղաք Աշտարակի պես հին կամուրջ չունի»․ նկարչի գեղանկարները՝ չարտագաղթելու կոչ