Աշոտ Մինասյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել գլխավոր դատախազին

Աշոտ Մինասյան
Պաշտպանները հույս ունեն, որ մինչև Աշոտ Մինասյանի ծննդյան օրը դատախազությունն օբյեկտիվ որոշում կկայացնի, և Մինասյանն ազատ կարձակվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար, Արցախյան 3 պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնելու բողոք, ինչպես նաև խափանման միջոց կալանքը փոխելու կամ վերացնելու առնչությամբ միջնորդություն է ներկայացվել դատախազություն։ Տեղեկությունը հայտնում են Մինասյանի պաշտպանները` հավելելով, որ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ երեկ ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն։
Մինչ այս ԱԱԾ քննչական դեպարտամենտը մերժել էր քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը, ինչի համար էլ բողոք է ներկայացվել դատախազություն։

«Միջնորդությամբ հանգամանալից ներկայացվել են Աշոտ Մինասյանի անձը բնութագրող, անձնական, առողջական տվյալները, վերջինիս նկատմամբ կիրառված խափանման միջոցի ենթադրյալ հիմքերի վերանալու մասին տվյալները։ Խնդրել ենք քրեական գործի ցանկացած հեռանկարի պայմաններում վերացնել և փոփոխել առաջին անգամ ու միմիայն մեկ միջին ծանրության ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվող 62-ամյա անձի նկատմամբ կիրառված ամենախիստ խափանման միջոցը՝ կալանավորումը»,–հայտնում են պաշտպանները։

Նրանք ընդգծում են, որ Աշոտ Մինասյանի նկատմամբ խափանման միջոցը չվերացնելու դեպքում կարող է կիրառվել ազատության սահմանափակման հետ չկապված ցանկացած խափանման միջոց, այդ թվում դեռևս ՀՀ գլխավոր դատախազին դիմած պատվարժան անձանց՝ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի, Գրիգորի Խաչատուրովի և Հրանտ Թոխատյանի անձնական երաշխավորությունները։
«Համոզված եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունում մի պահ կկտրվեն ամանորյա ենթադրյալ եռուզեռից և հենց այսօր կամ վաղը՝ մինչև Աշոտ Մինասյանի ծննդյան օրը, առնվազն խափանման միջոցի վերաբերյալ կկայացնեն օբյեկտիվ որոշում»,-հավելում են Մինասյանի պաշտանները։
Նշենք, որ Մինասյանի ծննդյան օրը հունվարի 1-ին է։
Հիշեցնենք, որ այժմ Աշոտ Մինասյանը մեղադրվում է միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Իսկ ՀՀ վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով, իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է։
Փաշինյանի սպանության նախապատրաստման գործով Վանեցյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցվեց