ԱՄՆ պետդեպը կոչ է արել ազատ արձակել հակամարտության հետևանքով անազատության մեջ գտնվողներին

ԱՄՆ Պետդեպ
ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն կոչ է արել անհետ կորածների հաշվառում իրականացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն կոչ է անում ազատ արձակել հակամարտության հետևանքով բոլոր անազության մեջ պահվողներին։ Բյուրոն նման հայտարարությամբ հանդես է եկել Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում։
Միաժամանակ, բյուրոն ողջունում է դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից 5 հայ զինծառայողի վերադարձը Հայաստան։
«Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել մնացած բոլոր պահվող անձանց, իրականացնել աճյունների փոխանակում և անհետ կորածների հաշվառում»,- ասված է գրառման մեջ:
Միաժամանակ բյուրոն շեշտում է, որ կարևորում են նաև անազատության մեջ գտնվողների նկատմամբ միջազգային պարտավորություններին համապատասխան մարդասիրական վերաբերմունքը։
Հիշեցնենք, որ երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Նրանք են. Սարգիս Աբրահամյան Արթուրի, Արման Խաչատրյան Վաչագանի, Վահե Աղաջանյան Սասունի, Սուրեն Խաչատրյան Լյովայի, Արամ Ավետյան Արտյոմի։ Բոլորը նոյեմբերի 16-ին Հայաստանի սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի հետևանքով գերեվարված զինծառայողներից են։