ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը վստահեցնում է` «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ի հետ որևէ կապ չունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա անդրադարձավ այդ մասին հրապարակումներին։
«Հետքը» գրել էր` «ԵվրոԱսֆալտ» շինարարական ընկերությունը, որի գլխավոր տնօրենն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայր Կառլեն Սիմոնյանն է, իշխանական շրջանակներում ունի մեկ այլ ծանոթ ևս, որը, թերևս, պետական գնումներում այս նորաստեղծ ընկերության հաջողությունների գլխավոր «բանալիներից» է: Հարցն այն է, որ ընկերությունն իր գոյության կարճ ժամանակահատվածում (հիմնադրվել է 2020 թ. մարտին) ճանապարհների վերանորոգման ընդհանուր 643 մլն դրամի 2 պայմանագիր է կնքել ՏԿԵՆ-ի ու Ապարանի համայնքապետարանի հետ: Ըստ կայքի` հնարավոր է Գնել Սանոսյանն է «ԵվրոԱսֆալտի» հաջողության բանալին։
«Հասկանում եմ, որ ստանձնելով ՏԿԵ նախարարի պաշտոնը, ոմանք փորձելու են աշխարհի տակ ինչ կա` կապել ինձ հետ։ Փոխարենը վերլուծվի, թե ինչ ընկերություններ են ՀՀ-ում հայտնվել, որ պատրաստ են մրցակցային դաշտում աշխատել, ինչ նոր տեխնոլոգիաներ են բերել, փորձում են անհատական կապեր դիտարկել»,–ասում է Սանոսյանը։
Նրա խոսքով` Հայաստանն այնքան փոքր երկիր է, որ մի քիչ լավ նայենք, կպարզվի, որ դուք էլ (հարց տվողին նկատի ունի-խմբ.) «ԵվրոԱսֆալտում» ծանոթ մարդ ունեք։ Սակայն դա, ըստ Սանոսյանի, չի ենթադրում, որ այդ մարդիկ չեն կարող մրցույթներին մասնակցել։ Կա իրավական պրոցես, մրցույթներ, բողոքարկման գործընթաց։
Հարցին, թե ամեն դեպքում սեփականատերերին ճանաչո՞ւմ է` Սանոսյանը պատասխանեց, որ, իհարկե, ճանաչում է։ Նշեց` ճանապարհաշինության ոլորտում աշխատող գրեթե բոլոր ընկերություններին էլ ճանաչում է։
«Հետաքրքիրն այն է, որ բազմաթիվ նախկին պաշտոնյաների հետ կապված ընկերություններ կան` նրանց ընտանիքի անդամներն են այդ ոլորտի մեջ, անձամբ նրանք են այդ բիզնեսը ղեկավարում, սակայն, չգիտես ինչու, այդ մասին չեն խոսում։ Չնայած դրան, դրսից եկած ընկերությունների վրա են սևեռվում։ Ես այս ամենին հանգիստ եմ վերաբերվում, քանի որ մրցութային ընթացակարգ կա»,–ասաց նախարարը։
Նա հավելեց նաև` մրցույթում հաղթող է ճանաչվում ընկերությունը, որն ավելի հարմար պայմաններ է առաջարկում` անկախ այն հանգամանքից այդ ընկերությունը հին, թե նոր է, և արդյո՞ք որևէ պաշտոնյայի հետ կապ ունի։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ դատի է տալու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանին։ Մանուկյանն ասել էր, թե Սիմոնյանի եղբայրը «ԵվրոԱսֆալտ» ընկերությունում տնօրեն է դարձել 2020-ի հուլիսին, և դրանից հետո այդ ընկերությունը երջանիկ պատահականությամբ սկսել է ասֆալտի տենդերներ շահել և պետբյուջեի հաշվին հարստանալ։