ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում համաձայնեցնում են համատեղ ենթակառուցվածքային նախագծերի գործարկման պարամետրերը։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Այս ձևաչափն առանցքայիններից մեկն ենք համարում ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործում։ Հիմա, ինչպես երեք երկրների ղեկավարները պայմանավորվել են Սոչիում, համաձայնեցվում են համատեղ ենթակառուցվածքային նախագծերի գործարկման պարամետրերը», - նշել է նա։
Ռուդենկոն ներկայացրել է ռուսական կողմի մոտեցումը` համապատասխան որոշումները կարող են կայուն լինել միայն Բաքվի և Երևանի միջև կոնսենսուսի առկայության դեպքում:
«Այդ պատճառով մենք կողմ ենք ադրբեջանական և հայկական կողմերի շահերի բալանսավորված ապահովմանը», - ամփոփել է փոխնախարարը:
Նա հիշեցրել է, որ այդ մեխանիզմի շրջանակում քննարկվում է Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերի ամբողջ համալիրը` ներառյալ ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնումը տարածաշրջանում:
Հիշեցնենք` դեկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Սոչիում (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ) ու Բրյուսելում (Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ) Ադրբեջանի նախագահ Ալհամ Ալիևի հետ հանդիպումների ժամանակ երկաթգիծը (որը գոյություն է ունեցել դեռ խորհրդային տարիներին) կառուցելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Վարչապետը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ սկսել հայկական ճանապարհահատվածներում շինարարություն սկսելու համար։