Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու հանգամանքը խոսում է այն մասին, որ Իրանը չի ցանկանում դուրս մնալ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներից և ցանկանում է ապահովել իր անմիջական ներկայությունը տարածաշրջանում, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրանագետ Ժաննա Վարդանյանը։
Նրա խոսքով`Իրանում 2021 թվականի նախագահական ընտրությունների արդյունքում ձևավորվել է մի կառավարություն, որն արտաքին քաղաքական առաջնահերթություն է սահմանել հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումը։
«Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսություն բացելու մյուս հանգամանքը պայմանավորված է արցախյան 44–օրյա պատերազմից հետո ձևավորված իրավիճակով։ Իրանում կար իշխանություններին ուղղված շատ լուրջ քննադատություն, որ իրենք անուշադրության են մատնում Հարավային Կովկասը, ինչի հետևանքով ոտնահարվում են Իրանի կենսական շահերն այս տարածաշրջանում, և նույնիսկ Իրանին համարում էին պատերազմում պարտված կողմերից մեկը»,– նշեց իրանագետը։
Վարդանյանի խոսքով` Իրանն ավանդաբար ավելի մեծ ուշադրություն է դարձել Լիբանանին, Իրաքին ու Սիրիային, սակայն արցախյան վերջին պատերազմից հետո այդ երկրի համար նույնպես ձևավորվեցին անվտանգության հետ կապված նոր մարտահրավերներ, որոնք ստիպեցին փոխել ավանդական մոտեցումները Կովկասի հանդեպ ու վերանայել հայ–իրանական և ադրբեջանա–իրանական հարաբերությունները։
«Պատերազմից հետո շատ կարևոր էր մասնակցել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և թույլ չտալ սեփական շահերին հակասող պրոցեսները, ուստի այդ հանգամանքով են պայմանավորված հայ–իրանական և ադրբեջանա–իրանական հարաբերությունները նորովի զարգացնելու ձգտումները»,– նշեց իրանագետը։
Վարդանյանի դիտարկմամբ` Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու հանգամանքը որոշ չափով կապված է նաև Ադրբեջանի նկրտումների հետ, որն ուզում է Սյունիքի մարզում ունենալ միջանցք դեպի Նախիջևան, ինչը կարող է որոշ չափով խաթարել հայ–իրանական սահմանի անվտանգությունը, ուստի պատահական չէ, որ իրանական կողմից հաճախակի հնչում են այդ երկրի ու Սյունիքի միջև համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։ Ըստ նրա` հենց Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացելու հանգամանքն իր մեջ այդ ուղերձն է պարունակում։
Հիշեցնենք` դեկտեմբերի 29-ի նիստում Իրանի կառավարությունը հավանություն է տվել արտաքին գործերի նախարարության` Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկին: