ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Լևոն Պաչաջյանն ավարտում է ֆուտբոլիստի կարիերան։ Նա այդ մասին գրել է Facebook–ի իր էջում։
«Իմ ժամանակը նույնպես եկավ… Չնայած մեծ ցանկությանը, ֆիզիկապես և հոգեպես պատրաստվածությանը և պատրաստակամությանը, պետք է նշեմ, որ մի փոքր ցավալի հանգամանքներում, բայց գլուխս բարձր ավարտում եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան»,– նշել է նա:
Պաչաջյանը հիշեցրել է, որ 21 տարի շարունակ ամենատարբեր մակարդակներում հանդես է եկել 4 տարբեր երկրների առաջնություններում: Հռչակվել է Հայաստանի վեցակի չեմպիոն, երեք անգամ հաղթել է Հայաստանի Հակոբ Տոնոյանի անվան Սուպեր գավաթը և բախտ է ունեցել մեկ անգամ գլխի վերևում պահել Հայաստանի գավաթը:
2003-ին լավագույն կիսապաշտպան, իսկ 2007-ին Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն է արժանացել։ Խաղացել է բոլոր տարիքային (17/19/21) հավաքականներում։
«Իսկ ամենակարևոր ձեռքբերումս ֆուտբոլում իմ երկրի` Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը կրելն է: 38 խաղ եմ անցկացրել հավաքականում, խփել եմ 2 գոլ և արել եմ հնարավորինը` նպաստելու մեր հավաքականի հաջողությանը»,– շեշտել է նա:
Պաչաջյանը շնորհակալություն է հայտնել իր բոլոր մարզիչներին, ընտանիքի անդամներին ու երկրպագուներին։
Նա գրել է, որ հիմա կտրուկ փոփոխության է գնում, բայց չի նշել, թե այսուհետ ինչով է զբաղվելու։