ՀՀ ԱԳՆ–ն հրապարակել է հայրենիք վերադարձած 5 ռազմագերիների անունները

Երևան վերադարձած գերիներից մեկը, արխիվային լուսանկար
Հայ գերիների հերթական խումբը Հայաստան է վերադարձել Հունգարիայի կառավարության միջնորդությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հրապարակել է այսօր Հայաստան վերադարձած 5 հայ գերիների անունները։

«Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք` Սարգիս Աբրահամյան Արթուրի, Արման Խաչատրյան Վաչագանի, Վահե Աղաջանյան Սասունի, Սուրեն Խաչատրյան Լյովայի, Արամ Ավետյան Արտյոմի»,- գրել է նա Facebook–ում։

Նշենք, որ հայ գերիներին հայրենիք վերադարձնելու մասին հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները` նշելով, որ նրանք նոյեմբերի 16-ին Հայաստանի սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի հետևանքով գերեվարված զինծառայողներից են։
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվել էր։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել էր։
Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չճշտված տվյալներով` ունենք 6 հաստատված զոհ, 24+8 գերեվարված։
Դեկտեմբերի 4-ին Հայաստան էին վերադարձել նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողներից 10–ը, դեկտեմբերի 19–ին` ևս 10–ը։