Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովը կարող է ստեղծվել շուտով. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ
ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ պայմանավորվածության իրագործման ճանապարհին որևէ անհաղթահարելի խոչընդոտ չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովը մոտ ժամանակներս կարող է ստեղծվել: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են երկկողմ հանձնաժողով ստեղծել Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ:

«Այդ պայմանավորվածության իրագործման ճանապարհին որևէ անհաղթահարելի խոչընդոտ չենք տեսնում», - ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Ռուդենկոն նշել է, որ Ռուսաստանը մայիսին հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրադրության սրման հենց սկզբից հանդես է եկել որպես միջնորդ ՝ իր օգնությունը առաջարկելով համապատասխան բանակցային գործընթաց սկսելու հարցում:
Փոխնախարարի խոսքով ՝ միջադեպերն ուղիղ կապ չունեն ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու հետ։ Խնդիրը ժառանգություն է մնացել խորհրդային տարիներից և պայմանավորված է երկու երկրների միջև պետական սահմանի միջազգային-իրավական պատշաճ ձևակերպման բացակայությամբ։
Մոսկվան դեմարկացիայի հարցերով զբաղվող հանձնաժողովի շուտափույթ ձևավորում է ակնկալում
Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 26-ին բանակցություններ անցկացրին Սոչիում։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց ունեցավ Ալիևի հետ։ Բանակցությունները տևեցին երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդեց Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։
ՌԴ նախագահը բանակցություններից հետո հայտարարեց, որ մինչև տարեվերջ դեմարկացիայի և դելիմիտացիայի մեխանիզմներ կստեղծվեն։