ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնում բացահայտված կաշառքի փաստերով 9 անձի վերաբերյալ քրեական գործեր ուղարկվել են դատարան։ Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից` մեղադրյալների թվում են կենտրոնի տնօրենը, 7 աշխատակիցներ, ինչպես նաև կաշառք տվող քաղաքացին։
Քննությամբ հիմնավորվել է, որ Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ա.Ա.-ն, նախնական համաձայնության գալով իր աշխատակիցների հետ, մի քանի քաղաքացիների սոցիալական տարբեր ծրագրերում ներառելու ու պետական միջոցներից դրամական օգնություն տրամադրելու համար, 2021թ. փետրվարին իր աշխատասենյակում նրանցից պահանջել և ստացել է մի դեպքում` 40․000, մեկ այլ դեպքում՝ 20.000 դրամ կաշառք՝ որպես մասնաբաժին գումարներ փոխանցելով նաև կենտրոնի երկու աշխատակիցների:
Բացի այդ, 2021 թվականի մարտի 18-ին և 19-ին իր աշխատասենյակում կաշառքներ է ստացել նաև երկու այլ քաղաքացիներից` նրանց անասնապահական աջակցության ծրագրւմ ներառելու համար, ու այդ գումարից մասնաբաժին տվել իր տեղակալին ու կենտրոնի գլխավոր մասնագետին։
Նույն սկզբունքով կենտրոնի տնօրենը աշխատանքի տեղավորման հարցում օգնել է իր 2 աշխատակիցների ծանոթներին ու նրանցից 2021թ. փետրվարի 22-ին և մարտի 15-ին ստացել պահանջված չափի կաշառքներ։
Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենից բացի փետրվարի 22-ին կաշառք է ստացել նաև նույն կենտրոնի ծրագրերի իրականացման բաժնի պետ Հ.Ս.-ն։ Նա օգնել է կենտրոնի գործավար-օպերատորի ազգականին` «Երիտասարդների աշխատանքային պրակտիկա» ծրագրում ընդգրկելու և պետության միջոցներից դրամական օգնություն ստանալու հարցում, որի դիմաց ստացել է 5.000 ՀՀ դրամ կաշառք։
Բացահայտումների արդյունքում կաշառ ստանալու համար մեղադրանքներ են առաջադրվել զբաղվածության կենտրոնի տնօրեն Ա. Ա.-ին, նրա տեղակալ Ս. Ա.-ին, ծրագրերի իրականացման բաժնի պետ Հ. Ս.-ին ու կենտրոնի 5 աշխատակիցների։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Կաշառք տալու համար մեղադրանք է առաջադրվել 5 քաղաքացու։ Նախաքննության ընթացքում նրանցից 4-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` զղջալու հիմքով:
Նշենք, որ քրեական գործի նախաքննությունը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում մեկնարկել էր 2021 թվականի մարտի 19-ին, այնուհետև փոխանցվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։