ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսության հարցում։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անկասկած կնպաստեր տարածաշրջանի ընդհանուր իրավիճակի առողջացմանը։ Այս տեսանկյունից ողջունում ենք երկխոսություն սկսելու տրամադրվածությունը, որը վերջին շրջանում դրսևորում ենԱնկարան ու Երևանը։ Գոհունակությամբ ենք նշում կարգավորման բարդ հարցի քննարկման համար հատուկ ներկայացուցիչների նշանակումը», - ասել է Ռուդենկոն։
Նրա խոսքով՝ Մոսկվայում պատրաստ են ցանկացած ձևով միջնորդական աջակցություն ցուցաբերել:
ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է, որ ռուսական կողմը կարևոր է համարում նախապայմանների առաջադրումից հրաժարվելը, փոխադարձ ընդունելի թեմաների և փոխադարձ քայլերի վրա կենտրոնանալը, որոնք կնպաստեն վստահության և բարիդրացիության մթնոլորտի աստիճանական ձևավորմանը:
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։
Հայտնի է, որ թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, հայկական կողմինը` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնեց, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չկա, քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը։