Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմական հանցագործությունները պետք է հստակ փաստագրվեն. Փալոն

Բայդենը ստորագրել է Ազգային պաշտպանության օրենքը 2022թ. համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ստորագրված ԱՄՆ ազգային պաշտպանության մասին օրենքին։ Փալոնն իր թվիթերյան էջում գրառում է արել` ասելով, որ Բայդենի կողմից ստորագրված օրենքը Թուրքիային և Ադրբեջանին առնչվող կարևոր դրույթներ է պարունակում:
«Ազգային պաշտպանության մասին օրենքը, որը ստորագրեց Բայդենը, կարևոր դրույթներ է ներառում, որոնք ուղղված են Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելուն Արցախում կատարած ռազմական հանցագործությունների համար: Ես կհետևեմ, որ պահանջվող զեկույցները ճշգրիտ լինեն այդ հանցագործությունները փաստագրելիս»,–գրել է Փալոնը։
Հավելենք, որ Բայդենը ստորագրել է Ազգային պաշտպանության օրենքը (NDAA) 2022թ. համար, որով նախատեսում է 770 միլիարդ դոլարի հատկացում պաշտպանական կարիքների համար։