Շիրակում անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների դեպքերն ավելացել են

Շիրակի ոստիկանություն
Շիրակի մարզի դատախազներն այցելել են մարզի Գյումրու, Արթիկի, Ամասիայի, Ախուրյանի մի շարք դպրոցներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ընթացիկ տարում Շիրակի մարզում արձանագրվել է 31 անչափահասի մասնակցությամբ առերևույթ հանցագործության 20 դեպք՝ հիմնականում կապված ծեծի, գողությունների հետ: Նախորդ տարվա համեմատ դեպքերն աճել են 2-ով, իսկ մասնակիցների թիվը՝ 7-ով: Նման տեղեկություն է հրապարակել դատախազությունը` ամփոփելով 2021-ին Շիրակում արձանագրված հանցավոր իրավախախտումները։

Նշվում է, որ բացի յուրաքանչյուր դեպքով հետաքննության և նախաքննության նկատմամբ հսկողության իրականացումը, մարզի դատախազության դատախազների կողմից այցելություններ են կատարվել մարզի Գյումրու, Արթիկի, Ամասիայի, Ախուրյանի մի շարք դպրոցներ։ Դրանցում հանդիպում-զրույցներ են տարվել ինչպես ուսուցչական կոլեկտիվների, այնպես էլ բարձր դասարանի աշակերտների հետ:

Անչափահասների շրջանում իրավախախտումները կանխարգելելու, պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները վերացնելու նկատառումներով՝ 2021 Շիրակի մարզի դատախազի կողմից 2 միջնորդագրեր են ուղարկվել Շիրակի մարզպետին։ Դրանցով վերլուծվել է անչափահասների շրջանում հանցավորության նախականխման հանգամանքները, ինչպես նաև առաջարկվել է ձեռնարկել միջոցներ՝ անչափահասների շրջանում հանցագործությունների կանխման խնդիրների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Ահասարսուռ սպանություն Գյումրու կենտրոնում. խանութի սեփականատիրոջ կոկորդը կտրել են
Միջնորդագիր է հասցեագրվել նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին՝ ուսումնական հաստատությունում տեղի ունեցած հանցագործության կոնկրետ դեպքի պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները վերացնելու ուղղությամբ գործուն միջոցառումներ ձեռնարկելու մասին:
Միջնորդագրերով առաջ են քաշվել նաև կոնկրետ դեպքերով իրենց աշխատանքում թերացած պաշտոնատար կամ իրավասու անձանց կողմից թույլ տրված խախտումների, նրանց նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը։ Այս շրջանակներում 5 անձ ենթարկվել է կարգապահական տույժի: