ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները բարերարների հետ համատեղ մեկ օրում ավելի քան 10 մարդասիրական ակցիա են անցկացրել Արցախի Ասկերանի շրջանում:
Մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները շնորհավորել են Ասկերանի շրջանի հեռավոր բնակավայրերի մանկապարտեզների ու դպրոցների ավելի քան 1 700 սաներին։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Երեխաները ստացել են ամանորյա նվերներ, խաղալիքներ, կոնֆետներ։ Ասկերանի շրջանում ակցիաները շարունակվելու են», - ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը։
Ռուս խաղաղապահները բարերարների հետ շուրջ 70 մարդասիրական ակցիա կանցկացնեն և նվերներ կփոխանցեն Արցախի հեռավոր շրջանների շուրջ 8 հազար երեխաների։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: