ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. Երևանի քաղաքապետարանը մտադիր է հաջորդ տարի քաղաքացիական պաշտպանության մի շարք առաջնային միջոցառումներ ձեռնարկել, որոնք առաջին հերթին վերաբերում են Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած զինվորների կյանքի և գործունեության օպտիմալացմանը: Այս մասին ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Դրանց թվում են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին հարմարեցված վերելակների, թեքահարթակների տեղադրումը, ավտոբուսների ձեռքբերումը։ Կգործարկվի նաև տարբեր աստիճանի հաշմանդամություն ունեցողների կարիքների համար սանհանգույցները հարմարեցնելու ծրագիրը։
Սարգսյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանը մշտապես սատարելու է բնակիչների այդ խմբին, քանի որ նրանք զոհաբերել են իրենց ունեցած ամենաթանկ բանը՝ առողջությունը։