Միավորվել հանուն իշխանափոխության. Ազատագրական շարժումը կոչով դիմել է քաղաքական ուժերին

Արա Զոհրաբյան
Ազատագրական շարժման նախաձեռնողները հասկացել են, որ առանց այլ քաղաքական ուժերի աջակցության անհնար է իրավիճակ փոխել, ուստի բոլորին կոչ են անում մի կողմ թողնել տարաձայնությունները և միանալ իրենց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Ազատագրական շարժման նախաձեռնող խումբը համախմբման կոչով դիմել է բոլոր ընդդիմադիր ուժերին, որոնք ձգտում են երկրում իշխանափոխություն իրականացնել։ Այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ շարժման առաջնորդները իշխանություններին քննադատեցին վարած քաղաքականության համար, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի, սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։
Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականները, որոնք, ըստ շարժման նախաձեռնող խմբի անդամների, երկիրը դեպի կործանում են տանում։ Ըստ շարժման ներկայացուցիչների` Փաշինյանի ու Սարգսյանի հրաժարականներից հետո պետք է անցկացվեն նոր ընտրություններ կամ ձևավորվի ժամանակավոր կառավարություն (նոր ընտրություններ կազմակերպելու համար)։

«Երկրորդ տարբերակը գոնե մեկ տարով ազգային համաձայնության անցումային կառավարություն ձևավորելն է»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Ազատագրական շարժման ներկայացուցիչ, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։

Նրա խոսքով` ժամանակավոր կառավարության անդամներն իրենց ջանքերը պետք է մեկտեղեն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության պահպանման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, հայկական բանակի հզորացման, Հայ առաքելական եկեղեցու արժեքների պահպանման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ։
Զոհրաբյանը նշեց` շարժման հիմնադիրներն իրենց նպատակներին հասնելու համար պատրաստ են համագործակցել քաղաքական բոլոր ուժերի հետ։
Ազատագրական շարժման առաջնորդների մամուլի ասուլիս (28 դեկտեմբերի, 2021թ). Երևան
«Արդյունքի հասնելու համար պետք է համախմբվել։ Հորդորում ենք մի կողմ թողնել բոլոր բարդույթները, տարաձայնությունները։ Մեր հայրենիքն ավելի թանկ է, քան ցանկացած հավակնություն»,- ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է փողոցային ակցիաներին, ապա շարժման ներկայացուցիչները դրանց անցկացումը ոչ տեղին են համարում ցուրտ եղանակի պատճառով։
Ազատագրական շարժումը մասնատվում է. Կարին Տոնոյանը հայտարարել է, որ կպայքարի առանձին
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ից քաղաքական և հասարակական մի խումբ կազմակերպություններ բողոքի ցույցեր ու երթեր անցկացրին` բողոքելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման և առհասարակ Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում իշխանությունների վարած քաղաքականությունից։
Նրանք պահանջում էին հրապարակել այն փաստաթուղթը, որը պետք է ստորագրվեր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ։ Սոչիի բանակցություններից հետո շարժումը մտահոգություն հայտնեց փաստաթղթի մի շարք կետերի վերաբերյալ։ Նոյեմբերի վերջից Ազատագրական շարժումը որոշեց առանձին գործել։
ՌԱԴԻՈ
Ազատագրական շարժումը հենց սկզբից շեղվեց իր հռչակած գաղափարներից. քաղաքագետ