Ինչո՞ւ է Պապիկյանը ԵՊՀ-ում. Դումանյանը պարզաբանում է

ԿԳՄՍ նախարարի խոսքով` իրենք ստիպված էին բուհերում հնարավորինս արագ ձևավորել հոգաբարձուների խորհուրդներ, ու դա արել են գործող օրենքի շրջանակներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Սուրեն Պապիկյանը Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել, որպեսզի բուհում չլինեն այնպիսի երևույթներ, երբ բուհն իր համեստ միջոցներից ստիպված լինի քաղաքականացված հիմնադրամներին մեծ գումարներ փոխանցել։ Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում նման հայտարարություն արեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Հարցին, թե ինչպես է հնարավոր ապահովել ԵՊՀ-ի ապաքաղաքականացումը, երբ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ պաշտպանության նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը, Դումանյանը պատասխանեց՝ շատ հստակ։
Դպրոցների նախընտրելի տնօրենների ցուցակ չունենք. Դումանյանը` սպասվող փոփոխությունների մասին
Նրա խոսքով` Պապիկյանը գտնվում է ԵՊՀ–ում ոչ թե կուսակցության խնդիրներ լուծելու համար, այլ ուղղակի իր մայր բուհում է, որտեղ ուսանելու տարիներին բավականին ակտիվ է եղել և քաջ ծանոթ է ԵՊՀ-ին։
«Պարոն Պապիկյանն այնտեղ է, որպեսզի չլինեն այնպիսի երևույթներ, որ ունեցել ենք նախկինում, օրինակ ԵՊՀ–ն իր համեստ բյուջեից 120 մլն դրամ փոխանցում էր Հայաստանի Երիտասարդական հիմնադրամին, և ոչ միայն ԵՊՀ–ն էր փոխանցում, այլև մյուս պետական բուհերը»,–ասաց Դումանյանը։
ԿԳՄՍ նախարարը հարցրեց՝ ինչու են միայն Պապիկյանի մասին խոսում, օրինակ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էլ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։
ՌԱԴԻՈ
Պարզ ստախոսություն. Էմին–Տերյանը` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների գործելաոճի մասին
«Իսկ ինչո՞ւ այդպես ստացվեց։ Մեր հայրենակիցներին շատերը մոլորության մեջ են գցում։ Դե պարզ է, յուրաքանչյուր ոք չի տիրապետում այդ երևույթի մանրամասներին, բայց ովքեր ցանկություն ունեն այլ տրամադրություն ստեղծելու, ասում են` դե ինչ փոխվեց, էլի քաղաքական դեմքեր են հոգաբարձուների խորհրդում։ Այո , ճիշտ են ասում, քաղաքական դեմքեր են, բայց ինչո՞ւ, չէ որ մեր նոր օրենքում (Բարձրագույն կրթության մասին), որը ներկայացրել էինք, իսկ ԱԺ–ն էլ ընդունել էր, շատ հստակ գրված էր որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չեն կարող լինեն հոգաբարձուների խորհրդում, բայց չանցավ, ճանաչվեց հակասահմանադրական»,–ասաց նա։
Դումանյանի խոսքով` իրենք ստիպված էին բուհերում հնարավորինս արագ ձևավորել հոգաբարձուների խորհուրդներ, որպեսզի ստեղծված ճգնաժամային վիճակից դուրս գային, իսկ խորհուրդները ձևավորել են գործող օրենքի շրջանակներում։
«Բայց նոր օրենքը, երբ կընդունվի, այդ ժամանակ արդեն ավտոմատ ոչ մի քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ չի կարող լինել հոգաբարձուների խորհուրդներում»,– ասաց Դումանյանը։
Հավելենք, որ Սուրեն Պապիկյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել 2020-ի նոյեմբերի 6-ին, երբ դեռ փոխվարչապետ էր, իսկ Ժաննա Անդրեասյանը ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել նոյեմբերի 7-ին։