Համոզված եմ՝ աշխարհը մի օր հաշվի է նստելու մեզ հետ. Արցախի նախագահ

Արայիկ Հարությունյանը վստահեցնում է` Արցախի կարգավիճակի հարցում պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը հստակ է և անկախության ճանապարհից ետ քայլ չի լինելու:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը համոզված է՝ աշխարհը մի օր հաշվի է նստելու արցախահայության հետ, և տասնամյակների պայքարը տալու է իր ցանկալի արդյունքը: Հարությունյանը նման համոզմունք է հայտնել այսօր` «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների ընդունելության ժամանակ։ Տեղեկությունը հայտնել է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ծանր պատերազմի հետևանքով շատ կորուստներ ենք ունեցել, սակայն շարունակում և շարունակելու ենք մեր պետականակերտման աշխատանքը»,–ասել է Հարությունյանը։

Նա շեշտել է` Արցախի կարգավիճակի հարցում պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը հստակ է և անկախության ճանապարհից ետ քայլ չի լինելու:
Քննարկվել են զորացրված և պահեստազոր անցած սպաների ու նրանց ընտանիքների սոցիալական խնդիրները, հատուկ անդրադարձ է եղել հանրապետության անվտանգային, ինչպես նաև ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի։
Ադրբեջանի ԱԳՆ-ն Google-ից պահանջել է քարտեզներից հանել Արցախի հայկական անվանումները
Հանդիպման ընթացքում Հարությունյանը նշել է, որ 2022թ.-ի հունվարի 1-ից ԱՀ կառավարության որոշմամբ 25 000 դրամով բարձրացվելու են բոլոր զինվորական թոշակառուների թոշակները, ուշադրության կենտրոնում է գտնվում գործող և թոշակառու սպաներին բնակարաններով ապահովելու հարցը, որը նախատեսված է ամբողջությամբ լուծել մինչև 2023 թվականը։