ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից 4–ը դիմումներ են ներկայացրել և դադարեցրել իրենց լիազորությունները։ Այսօր ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց Երևանի նոր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Մարությանը, Պավել Մազմանյանը, Լիլիթ Պիպոյանը և Ռուբեն Հայրապետյանը դիմումներ են ներկայացրել իրենց լիազորությունները դադարեցնելու համար»,– նշեց նա։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանն էլ խմբակցության կազմից դուրս գալու դիմում է գրել։ Նա չի հրաժարվել ավագանու անդամի իր լիազորություններից և շարունակելու է աշխատանքը համապատասխան հանձնաժողովում։
«Իմ քայլի» ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Գրիգոր Երիցյանի մանդատը տրվել է հերթական հաջորդ թեկնածու Միսակ Սարգսյանին։ Լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Գայանե Վարդանյանի մանդատն էլ տրվել է հերթական հաջորդ թեկնածու Գառնիկ Վարդանյանին։
Հիշեցնենք` դեկտեմբերի 22-ին ավագանու անդամներն անվստահություն հայտնեցին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։