ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Արմեն Ջիգարխանյանի դրամատիկական թատրոնը և Սատիրայի թատրոնը մեկ ամբողջություն են դարձել։ Այս մասին այսօր հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Մոսկվայի քաղաքապետարանի մամուլի ծառայությանը։
«Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի հրամանով` Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնը վերակազմավորվել է՝ Մոսկվայի Սատիրայի ակադեմիական թատրոնին միանալու ճանապարհով»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ գեղարվեստական ղեկավար կդառնա Սերգեյ Գազարովը․ 2020թ․-ի հոկտեմբերից ի վեր նա ղեկավարում է Սատիրայի թատրոնը, նույն տարվա դեկտեմբերից՝ Ջիգարխանյանի թատրոնը։
Գազարովն ինքը նշել է, որ բավականաչափ ժամանակ է ունեցել Սատիրայի թատրոնին և դրա թատերախմբին ծանոթանալու, խնդիրների շրջանակը հասկանալու համար։ Արմեն Ջիգարխանյանի թատրոնի հետ ևս հսկայական աշխատանք է անցկացվել` նոր թատերաշրջանում խոշոր առաջնախաղ է կայացել։
«Կարծում եմ՝ մենք լավ ենք աշխատել։ Սատիրայի թատրոնում աշխատելը ոգեշնչում է մասշտաբային գաղափարների լայն շրջանակի, բայց, իհարկե, հսկայական ներգրավվածություն է պահանջում»,-նշել է գեղարվեստական ղեկավարը։
Նա խոստացել է պահպանել երկու կառույցների առանձնահատկությունները` ավելացնելով, որ դրանց միաձուլումը թատերախմբերի համար նաև նոր հնարավորություններ կստեղծի ստեղծագործելու, նոր գաղափարները համագործակցության միջոցով իրագործելու համար։
«Մոսկվայի թատերական քարտեզի վրա չորս բեմ միավորող ուժեղ ստեղծագործական կառույց է հայտնվում, ինչպես քաղաքի կենտրոնում՝ արդեն կայուն հանդիսատեսով, այնպես էլ համալսարանի հատվածում՝ սեփական դիմագիծ ունեցող հանդիսատեսով։ Միաժամանակ, բնականաբար, Արմեն Բորիսովիչի անունը ոչ միայն կպահպանվի, այլև նույն շարքում կլինի նրա մեծ ընկերների ու գործընկերների հետ, որոնցով հռչակավոր է դարձել Սատիրայի թատրոնը»,-ավելացրել է Գազարովը։
Սեպտեմբերին Ջիգարխանյանի թատրոնը փոխել էր անվանումը, դառնալով «Արմեն Ջիգարխանյանի Պրոգրես-բեմ»( «Прогресс Сцена Армена Джигарханяна»)։ Ինչպես պարզաբանել է Գազարովը՝ «պրոգրես» բառը պատմական անվանումն է վերադարձնում շենքին, որտեղ նախկինում գտնվել է համանուն կինոթատրոնը։