Երասխ-Հորադիզ երկաթգծի հայաստանյան հատվածի շինարարության համար 226 մլն դոլար կծախսվի

Երկաթուղի
Երկաթգծի Մեղրիի հատվածի երկարությունը կկազմի մոտ 45 կմ։ Բացի այդ, պետք է վերականգնել Երասխի 1 կմ–անոց ճանապարհահատվածը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik, Դավիթ Գալստյան. Երևան–Ջուլֆա (Ջուղա)–Օրդուբաթ–Մեղրի–Հորադիզ երկաթգծի հայաստանյան հատվածի վերականգնման արժեքը կկազմի շուրջ 226 մլն դոլար։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

«Մեղրիի տեղամասի համար, նախնական հաշվարկներով, կծախսվի 221 մլն ԱՄՆ դոլար, իսկ Երասխի համար` 5 մլն ԱՄՆ դոլար։ Հաշվարկներն իրականացվել են` հաշվի առնելով նախկին ենթակառուցվածքները (կայարաններ և այլն)»,– նշված է գերատեսչության պատասխանում։

Երկաթգծի հայաստանյան հատվածի Մեղրիի տեղամասը կկազմի մոտ 45, իսկ Երասխինը` 1 կմ։
Միաժամանակ նախարարությունից հայտնում են, որ հավելյալ ենթակառուցվածքների ստեղծման ու նախագծի ճշգրիտ արժեքին հնարավոր կլինի անդրադառնալ կառուցվելիք երկաթգծի համար տեխնիկատնտեսական հիմնավորման անցկացման դեպքում։
Դեկտեմբերի 18-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Sputnik Արմենիային ասել էր, որ Հայաստանի տարածքում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հսկողություն իրականացնելու հարց չի քննարկվում։ Նա նշել էր, որ երկաթուղու երկարությունը կկազմի մոտ 340 կմ, որից 45-ը կանցնի Հայաստանի Հանրապետության տարածքով։
«Հանդիպումից հետո ես որոշակի հնարավորություն տեսա». ինչ են որոշել Փաշինյանն ու Ալիևը
Որտեղով է անցնելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախատեսված երկաթուղային ճանապարհը
Հիշեցնենք` դեկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Սոչիում (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ) ու Բրյուսելում (Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ) Ադրբեջանի նախագահ Ալհամ Ալիևի հետ հանդիպումների ժամանակ երկաթգիծը (որը գոյություն է ունեցել դեռ խորհրդային տարիներին) կառուցելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Վարչապետը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ սկսել հայկական ճանապարհահատվածներում շինարարություն սկսելու համար։
Բրյուսելյան գաղտնիքներ, կամ Փաշինյանը մի բան է ասում, Ալիևը՝ լրիվ ուրիշ