ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ 2021 թվականին 107 ավագ դպրոցներում բնագիտական առարկաների գծով բացվել են ընդհանուր առմամբ 335 լաբորատորիաներ։ Տեղեկությունը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Նրա խոսքով` ընթացքի մեջ է Տավուշի մարզի 80 դպրոցների մայր լաբորատորիաների մատակարարումը՝ կրթական նոր չափորոշիչների փորձարկմանն ու ներդրմանն ընդառաջ։
Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Կապանի խոշորացված համայնքի բնակավայրերի դպրոցներում կստեղծվեն 14 ինժեներական լաբորատորիաներ։
Հատկանշական է, որ ՀՀ կառավարության կողմից տարեցտարի բնական և տեխնիկական գիտություններին ուղղված ֆինանսավորումն աճում է։ 2020 թվականին հատկացվել է մոտ 590 մլն դրամ, 2021-ին ՝ մոտ 770 մլն դրամ, իսկ 2022-ին նախատեսված է շուրջ 860 մլն դրամ ֆինանսավորում։